չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետք է պաշտպանել երեխաների իրավունքները՝ վերականգնելով նրանց՝ դպրոց հաճախելու իրավունքը. Ռուստամ Բաքոյան

Պետք է պաշտպանել երեխաների իրավունքները՝ վերականգնելով նրանց՝ դպրոց հաճախելու իրավունքը. Ռուստամ Բաքոյան

Պետք է պաշտպանել երեխաների իրավունքները՝ վերականգնելով նրանց՝ դպրոց հաճախելու իրավունքը. ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ նոյեմբերի 27-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ: Առանցքում երեք անչափահաս, ազգությամբ եզդի երեխաների դպրոց չհաճախելու հարցն էր:

Երեխաներն արդեն երկու տարի է զրկվել են պարտադիր կրթության իրենց իրավունքից:

Իրավասու մարմինների կողմից ձեռնարկված բոլոր փորձերն ու նախաձեռնությունները մինչ օրս դրական արդյունք չեն տվել:

Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ պետք է ձեռնարկել միջոցառումներ, որոնք կօգնեն, որ մեր երկրում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներ չլինեն: «Կարեւոր է այնպիսի մեխանիզմներով աշխատել ընտանիքի հետ, որ ծնողն այլընտրանք չունենա: Որքան էլ ծնողն ունենա մեծ լիազորություններ, մեր երկրում հստակ ամրագրված է օրենքով, որ պարտադիր կրթությունը պարտադիր է բոլորի համար: Հետեւաբար, երեխայի կրթության իրավունքի իրացումը որեւէ մեկի, այդ թվում՝ ծնողի ցանկությունից կախված լինել չի կարող»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը:

Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչ Մերինե Մեհրաբյանը տեղեկացրել է, որ նմանատիպ դեպքերը շատ են՝ բարձրաձայնելով, որ Ծաղկահովիտ տարածքային կենտրոնի Ալագյազ համայնքից 4-5 ընտանիքի 7 երեխա չի հաճախում դպրոց: Դեպքեր են արձանագրվել նաեւ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում:

Կարեւորելով թեմայի քննարկումն Ազգային ժողովում՝ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն առաջնային է համարել թե՛ օրենսդրական, թե՛ արժեհամակարգային փոփոխությունները:

Քննարկման մասնակիցներն ընդգծել են օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ իրավագիտակցության հարցի բարձրացման անհրաժեշտությունը: Կարեւորվել է նոր գործիքակազմի կիրառումը՝ ի շահ երեխաների պաշտպանության:

Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում թեմայի առնչությամբ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

  • Կիսվել: