հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետբյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցելու համար

Պետբյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցելու համար

Այսօր մեկնարկել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա տեղեկացնում է.

«Այս տարվա կարգախոսն է՝ «Գենդերային հավասարություն՝ վերջ տանք սեռական ոտնձգություններին»։ Կանանց հանդեպ բռնության կանխարգելումը, կանանց հզորացումը և նրանց տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Այս նպատակներին ուղղված գործողությունները մեր ամենօրյա աշխատանքի մաս են կազմում։

2020 թվականին պետական բյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մասնավորապես՝
📌 հանրապետության բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ,
📌 առաջին անգամ պետական բյուջեից կֆինանսավորվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարան՝ 60 մարդու ծառայություն մատուցելու նպատակով,
📌 ժամանակավոր ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտանիքում բռնության ենթարկված անձանց,
📌 կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլ նաև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ»:

  • Կիսվել: