կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների համար կսահմանվի իրավակազմակերպչական միասնական ձև

Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների համար կսահմանվի իրավակազմակերպչական միասնական ձև

Առողջապահական համակարգի առաջնային օղակում գործող կազմակերպություններն ունեն տարբեր կազմակերպաիրավական ձեւեր: Նույն գործառույթն իրականացնող ԲԿ-ների մի մասը ՀՈԱԿ-ներ են, մյուսը՝ ՊՈԱԿ-ներ, կան եւ մի քանի ՓԲԸ-ներ: Խնդիրը պետք է լուծել, ու բոլոր ԲԿ-ները բերել միեւնույն կազմակերպաիրավական ձեւին: Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի հերթական նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ներկայացնելիս:

Ըստ զեկուցողի՝ տեղական ինքնակառավարման համակարգում, համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված, գործող օրենքներում նկատվում են դրույթներ, որոնք դժվարացնում են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կառավարումը: Մասնավորապես, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքներում, ինչպես նաեւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում կան տարբեր կարգավորումներ, որոնք բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների տնօրենների ընտրության համար հնարավորություն չեն տալիս ձեւավորել միասնական մոտեցում: Նախագծով անկախ ԲԿ-ների կազմակերպաիրավական ձեւերից` այդ հաստատությունների ղեկավարների հավակնորդների առաջ այսուհետ նույն պահանջները կդրվեն:

«Համայնքային ենթակայության տակ գտնվող բժշկական ամբուլատորիաների տնօրեններին նշանակում ու աշխատանքից ազատում է համայնքապետը, ՊՈԱԿ-ների դեպքում՝ մարզպետը, որեւէ գերատեսչությունից որեւէ գործառույթ չենք վերցնում: Նախագծով ֆիքսում ենք նաեւ այն կարգավորումը, որ տնօրենը կարող է կատարել նաեւ այլ վճարովի աշխատանք այն կազմակերպությունում, որտեղ ինքը տնօրեն է: Մրցույթի անցկացման ու հարցաշարի ընտրությունն անելու է Առողջապահության նախարարությունը»,- ասել է Նարեկ Զեյնալյանը:

Հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը նկատել է, որ նախագծով սահմանվում է՝ բժշկական ամբուլատորիաների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, գյուղական առողջության կենտրոնների գործադիր մարմինների ընտրության համար ներկայացվող պահանջ է, որ հավակնորդն ունենա բարձրագույն բժշկական կրթություն: Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյո՞ք անհավասար պայմաններ չեն ստեղծվի մասնավոր ԲԿ-ների համեմատ, քանի որ նախագծով պահանջ է ներկայացվում, որ միայն ՊՈԱԿ-ների ղեկավարները բժշկական կրթություն ունենան, ինչին ի պատասխան՝ Նարեկ Զեյնալյանը փաստել է, որ իր համոզմամբ, բժշկական կազմակերպություն ղեկավարելու համար առնվազն բժշկական գիտելիքներ են անհրաժեշտ:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Կառավարությունը մի քանի տեխնիկական առաջարկներ է արել նախագծի վերաբերյալ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծերի փաթեթին:

  • Կիսվել: