Սահմանվել է բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը
Գործադիրը սահմանել է անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դրանց տրամադրելու, տրամադրումը մերժելու և վերջիններիս գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված կարգավորումները։
Մասնավորապես, սահմանվել է, որ ավագ բուժաշխատողները և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անհատական լիցենզիա/անցումային անհատական լիցենզիա ստանալու համար լիցենզավորման հարթակով ներկայացնում են հայտ։ Բացի այդ, կհաստատվեն ավագ բուժաշխատողներին տրամադրվող անհատական լիցենզիաների և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց տրվող անցումային անհատական լիցենզիաների ձևերը։ Ընդ որում, ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թ. հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ մինչև 2026 թ. հունվարի 1-ը։
Կառավարությունը սահմանել է նաև բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը: Արդյունքում՝ նախատեսված արատների կամ հիվանդությունների առկայությունը բուժաշխատողների անհատական լիցենզիայի տրամադրման մերժման կամ դադարեցման հիմք կհանդիսանա։ Որոշմամբ սահմանված է հիվանդությունների դասն ամբողջությամբ, ապա դա նշանակում է, որ այդ դասում ընդգրկված բոլոր հիվանդությունները խոչընդոտ են հանդիսանում բժշկական մասնագիտական գործունեության համար: