երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Դատարանը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է չեղարկել արտասահմանյան օգնության ծրագրերը սառեցնելու հրամանագիրը

Դատարանը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է չեղարկել արտասահմանյան օգնության ծրագրերը սառեցնելու հրամանագիրը

Վաշինգտոնի շրջանային դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է չեղյալ հայտարարել հրամանագիրը, որը նախատեսում էր 90 օրով սառեցնել արտասահմանյան օգնության ծրագրերը և, համապատասխանաբար, վերսկսել այդ ծրագրերը, տեղեկացնում է Associated Press-ը:

Ինչպես հաղորդվում է՝ սա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման դադարեցման հետ կապված առաջին որոշումն է:

Դատարանը, վկայակոչելով «լայնածավալ վնասը, որը հանկարծակի փակումը հասցրել է կազմակերպություններին» արտերկրում, ժամանակավոր որոշում է կայացրել երկու միջազգային կազմակերպությունների՝ ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի պաշտպանության կոալիցիայի և Առողջապահության համաշխարհային խորհրդի ներկայացրած հայցի վերաբերյալ, որոնք ֆինանսավորում են ստանում USAID-ից:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները նշել էին, որ իրենց անհրաժեշտ է եղել դադարեցնել ֆինանսավորման ծրագրերը՝ դրանք վերլուծելու և որոշելու համար, թե արժե՞ արդյոք դրանք շարունակել:

  • Կիսվել: