կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ ազգային արխիվի տնօրենը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ ազգային արխիվի տնօրենը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Գրիգոր Արշակյանը դեկտեմբերի 10-ին  առցանց ձևաչափով մասնակցել է  Բելառուսում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդակցական խորհրդի 17-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից, նշելով, որ Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի  ներկայացուցիչները հանդես  են  եկել իրենց երկրներում 2020-2021թթ. արխիվային գործի  զարգացման արդյունքների մասին զեկույցներով։

Անդրադարձ է եղել 2020-2021թթ. արխիվային օրենսդրության ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին, արխիվների տեխնիկական վերազինմանը, ներդրումային ծրագրերին, արխիվային փաստաթղթերի օգտագործմանը, միջազգային կապերին, արխիվային ոլորտի մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը և այլն։

Քննարկվել է  նաև  ԱՊՀ անդամ պետությունների անձնակազմին վերաբերող փաստաթղթերի պահպանման միասնական տվյալների բազայի ստեղծման հարցը։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը ներկայացրել է ՀԱԱ արխիվային գործի 2020-2021թթ. զարգացման գործընթացը և կարևորել   ՀԱԱ-ի էլեկտրոնային շտեմարանի ստեղծման ծրագիրը, թվայնացման աշխատանքները, որոնց կիրառման շնորհիվ Հայաստանի արխիվային համակարգը հնարավորություն է ստացել կայուն կերպով իրականացնել ՀՀ արխիվային հավաքածուի և այլ արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման հիմնական գործառույթները:

Գրիգոր Արշակյանը նշել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման շնորհիվ  կբացառվի առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ոչնչացումը, կբարձրանա արխիվի աշխատանքի արդյունավետությունը, արխիվային հավաքածուն կդառնա առավել մատչելի ու հասանելի ՀՀ և արտերկրի քաղաքացիների, կազմակերպությունների, գիտական ուսումնասիրողների, իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ պետությունների արխիվային գործի բնագավառում համագործակցության  միջոցառումների ծրագրերի իրագործման շուրջ:

Նիստի ավարտին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդակցական խորհրդի նախագահի ընտրություն։ Այս անգամ խորհուրդը կղեկավարի Ղազախստանի ներկայացուցիչը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել  2022 թվականին,  Ալմա Աթայում։

  • Կիսվել: