ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «Սպայկա»-ի վերաբերյալ
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել՝ «Սպայկա»-ի վերաբերյալ:
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
՛՛Ի պատասխան www.yerkir.am կայքում փետրվարի 26-ին տեղադրված «Փաշինյանը «Սպայկա»–ին Թուրքիայից ուղիղ ներկրումներ իրականացնելու մոնոպոլ իրավունք է տվել» վերնագրով հրապարակման որոշ ձևակերպումների՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ:
Մասնավորապես՝ հայտնում ենք, որ հիշյալ նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի կողմից «Սպայկա» ընկերության մասով որևէ որոշում չի կայացվել՝ ինչպես պնդում է հոդվածագիրը:
ՊԵԿ նախագահի տեղակալն ընդամենը եղել է քննարկվող թեմայի շուրջ կարծիք հայտնող պետական պաշտոնյաներից մեկը:
Անդրադառնալով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ կապված հոդվածի ոչ պատշաճ ձևակերպումներին՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ՊԵԿ-ում որևէ որոշում առանց ՊԵԿ նախագահի գիտության չի կարող կայացվել: Այդ մասով ցանկացած նմանատիպ գնահատական էժանագին շահարկումների տիրույթից է:
Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ ոչ կոռեկտ, հանրային ընկալումները խեղաթյուրող և անպատասխանատու նմանօրինակ ձևակերպումներից:
Ինչ վերաբերում է հոդվածում առկա մյուս տեղեկատվությանը կապված բեռնափոխադրող ընկերությանը մոնոպոլ իրավունքով ներկրումներ իրականացնելուն՝ հայտնում ենք, որ տեղեկատվության ճշգրտման հասցեատերը ՊԵԿ-ը չէ, նման առաջարկ կամ որոշում չէր կարող կայացվել Կոմիտեի կողմից՛՛: