ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փչացած հեռախոսի էֆեկտը

Փչացած հեռախոսի էֆեկտը

Արցախի ԱԽ քարտուղարը երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ի՞նչ է ասել Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու նպատակահարմարության մասին:

Հայաստանյան որոշ ԶԼՄ-երի փոխանցմամբ՝ հետեւյալը.

«Մենք ու՞մ հետ ենք ռազմական դաշինք կնքում: Այսինքն, այդ համաձայնագիրն ով ում հետ է ստորագրում: Ստացվում է, որ Հայաստանն ինքն իր հետ պայմանագիր է ստորագրում»:

Սա բառացի՞ մեջբերում է, թե՞ ոչ՝ արդեն կարեւոր չէ: Բաքվում հասցրել են պահը որսալ եւ արձանագրել՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը փաստում է, որ Արցախում կան «Հայաստանի օկուպացիոն ուժեր»:

Ընդսմին, սա հայկական լրատվամիջոցների տեղեկատվությունից ածանցվող եզրահանգում է, որովհետեւ նրանք հասցրել են մեդիա-տիրույթում շրջանառել, որ Հայաստանը միջազգային հանրությանը փորձում է համոզել, որ միայն աջակցում է Արցախի զինված ուժերին: Ահա այսպիսի իրավիճակ: Սեպտեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական մեդիա-պլատֆորմ են ստեղծում: Խոսքն ինչի՞ մասին է՝ որեւէ մանրամասնություն չի հաղորդվում: Միայն հասկացվում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի եւ Արցախի դեմ քարոզչական պատերազմի բոլորովին նոր գործիքակազմ է ստեղծում:

Դա շատ լուրջ մարտահրավեր է: Այս սպառնալիքի դեմ գոնե պետական, անվտանգային խնդիրներում միասնական կեցվածք որդեգրելու փոխարեն, ինչպես տեսնում ենք, հայկական տեղեկատվական ռեսուրսները մասնատվում, վերածվում են ներքաղաքական պայքարի գործիքների: Այնքան, որ քարոզչական հարձակումների նյութ են մատակարարում հակառակորդին: Մինչդեռ խնդիրը բոլորինս է: Եւ ամենից առաջ զսպվածություն, իրավիճակին ադեկվատ կեցվածք պետք է որդեգրեն պետական-քաղաքական այրերը, կարողանան ասելիքը կառուցել եւ մատուցել այնպես,որպեսզի շահարկումների տեղիք չտան: Իսկ եթե չեն կարող, ապա գոնե պիտի լռեն: Մամուլն էլ պարտավոր պիտի լինի նման դեպքերում զերծ մնալ սենսացիա անելու գայթակղությունից: Թե չէ փչացած հեռախոսի էֆեկտն արդեն անվտանգային սպառնալիքի է վերածվում:

Վահրամ Աթանեսյան

  • Կիսվել: