ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանում մայիսի 11-ին մեծ ցույց է սպասվում. կազմակերպիչների հայտարարությունը

Վրաստանում մայիսի 11-ին մեծ ցույց է սպասվում. կազմակերպիչների հայտարարությունը

«Գործակալների մասին օրենքի» դեմ ցույցի կազմակերպիչները Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, դիմելով մասնակիցներին, հայտարարել են, որ մայիսի 11-ին մեծ ցույց են կազմակերպելու, գրում է aliq.ge-ն:

Ըստ նրանց՝ սպասվում է մեծ, խաղաղ և հզոր հանրահավաք: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

«Ուզում եմ նաև հայտարարել մի կարևոր իրադարձության մասին, և ուզում եմ, որ դուք հիշեք այս ամսաթիվը. մայիսի 11-ին բոլորս միասին շատ մեծ ցույց ենք կազմակերպելու։ Մեծ, խաղաղ, հզոր հանրահավաք: Եթե գիտեք մարդկանց, որ այստեղ չեն գալիս այս օրերին, ապա եկեք մայիսի 11-ին մեզ հետ բերենք նրանց, ովքեր դեռ չեն եղել այստեղ»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին` ասել է կազմակերպիչներից մեկը:

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները, որոնք բողոքում են «գործակալների օրենքի» դեմ, շարժվել են դեպի Հերոսների հրապարակ, որտեղ ցուցարարների համեմատաբար փոքր խումբը փակել է մայրուղու մի մասը։ Ոստիկանները Հերոսների հրապարակում հավաքի մի քանի մասնակիցների են բերման ենթարկել:

Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։

  • Կիսվել: