կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատվաստումը հեռավար աշխատողների համար պարտադիր կլինի, 17 տարեկան աշխատողների համար՝ ոչ

Պատվաստումը հեռավար աշխատողների համար պարտադիր կլինի, 17 տարեկան աշխատողների համար՝ ոչ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էին խորհրդատվական խմբի անդամներ, հանրային առողջապահության ոլորտի հրավիրված մասնագետներ, համաճարակաբաններ, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:

Օրակարգում 2 հարց էր ներառված. ՀՀ-ում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների համար ՊՇՌ թեստի հանձնման պահանջների վերաբերյալ նոր կարգավորումները:

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-փորձագետ Գենադի Պալոզյանը զեկույցով ներկայացրել է աշխարհում և Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը, անդրադարձել վարակվածների և մահվան սեռատարիքային բաշխվածությանը, մանկապատանեկան տարիքային խմբերում դեպքայնության շարժընթացին, պատվաստումներին` ըստ մարզերի ու ռիսկային խմբերի:

Կարևորելով հանդիպումը՝ Լենա Նանուշյանը նշել է.

«Այս հանդիպում-քննարկման նպատակն է ամփոփ տեղեկատվության միջոցով հասկանալ Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակն ու գնահատել ռիսկերը: Միաժամանակ, առանցքային քննարկման թեմա է նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների համար ՊՇՌ թեստի հանձնման պահանջների վերաբերյալ նոր կարգավորումները»:

Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում ներառված կարգավորումները, մասնավորապես` յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջի վերաբերյալ և առաջարկել քննարկել բացառությունների ցանկը վերանայելու անհրաժեշտությունը:

Քննարկման մասնակիցները շեշտադրել են այդ սահմանափակումների անհրաժեշտությունը և կարևորությունը: Բացառությունների ցանկի վերաբերյալ հնչեցրել հետևյալ առաջարկությունները.

•​Հղիությունը չի հանդիսանում հակացուցում պատվաստման իրականացման համար և ընդհակառակը` խրախուսվում է, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հղիության ընթացքում պատվաստված մայրերից ծնված երեխաների մոտ նույնպես հայտնաբերվում են COVID-19 դեմ հակամարմիններ: Սակայն խմբի անդամների կողմից առաջարկվել է, այնուամենայնիվ, հղիության առկայությունը դեռևս թողնել բացառությունների ցանկում:

•​Ինչ վերաբերում է հեռավար աշխատողներին, հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ:

•​17 տարեկան աշխատող անձանց վերաբերյալ խմբի անդամները նպատակահարմար են համարել այս բացառության ներառումը` հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանում COVID-19 դեմ պատվաստումների ենթակա են 18 տարեկանից բարձր անձինք:

•​Մասնակիցները քննարկել են COVID-19 հիվանդությունից հետո առողջացած անձանց բացառելու նպատակահարմարությունը: Նշվել է, որ համաձայն միջազգային փորձի` առողջացած անձինք հիվանդության տարածող չեն հանդիսանում հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց սկսած 10-րդ օրից հետո, սակայն կարող են դրական ՊՇՌ արդյունքներ ունենալ 90 օրվա ընթացքում: Հետևաբար, նպատակահարմար է նման դեպքերը (COVID-19-ից ապաքինվածներին` մինչև 90-րդ օրը) ներառել բացառությունների ցանկում:

Խմբի անդամները բարձրաձայնել են մի շարք հարցեր քննարկվող թեմաների շուրջ, լսել պարզաբանումներ՝ համեմատականներ անցկացնելով այլ երկրներում կիրառվող քաղաքականության և փորձի վերաբերյալ, հնչեցրել առաջարկներ, մտքեր փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ:

  • Կիսվել: