երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Պատուհանը ջարդած էր ու բենզին էր լցրած մեքենայի մեջ. Գեւորգ Ստեփանյանը մանրամասներ հայտնեց

Պատուհանը ջարդած էր ու բենզին էր լցրած մեքենայի մեջ. Գեւորգ Ստեփանյանը մանրամասներ հայտնեց

Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում բարձր գմփոց լցվեց, տրաքելու ձայն լցվեց, կինս արթնացրեց արդեն այն ժամանակ, երբ վերևից տեսանք, որ արդեն մեքենայի մեջից կրակի բոցը դուրս էր գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, որի ավտոմեքենան այս գիշեր հրկիզել են:

«Ես շտապելով իջել եմ ներքև, ինչքան հասցրեցի դույլով ջուրը լցրեցինք մեքենայի վրա, բայց դիմացի հարևանները մեր բախտից շլանգով հասցրեցին, բերեցին, որ պահեն վրան, որովհետև անհնար էր արդեն, մեքենան հալվում էր:

Մեքենան էլեկտրական է, կարող է և հասներ այդ էլեկտրական մարտկոցներին ու այնպիսի պայթյուն լիներ, որ այս փողոցից բան չմնար։ Հետո ոստիկանությունից եկան, տեսան, որ պատուհանը ջարդած է և բենզին է լցրած մեջը: Բացի բենզինից, կար մի փայտի կտոր, որի վրա ամրացված էր բենզինոտ շոր, դա էին գցել, վառվել էր:  Փաստորեն մենք հասցրեցինք 10 րոպեի մեջ կրակը»,-ասաց նա:

Ստեփանյանը հավելեց, որ երբեք իր տան դիմաց տեսախցիկ չի դրել, անգամ պատուհաններին ճաղավանդակներ չի դրել, քանի որ ոչ մեկի հետ խնդիր չունի:

Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞վ արած կլինի, ավագանու անդամը պատասխանեց. «Միակ դրդապատճառ իմ քաղաքական հայացքներն է, իմ քաղաքական գործունեությունն է, ՔՊ-ի և անձամբ քաղաքային իշխանությունների կոռուպցիաները բացահայտելու արդյունքն է։ Ոչ մի կերպ չկարողացան «թալանչու» պիտակ կպցնել, մարդիկ անցան բոլոր կարմիր գծերը, եկան և կնոջս մեքենան այրեցին: Խնդիր չեմ տեսնում, թող շարունակեն, էլ ավելի ուժեղացրեցին, հետ նահանջ չի լինելու, մինչև վերջ գնալու ենք, ու ժողովրդի ասած, քթներից բերելու եմ բոլորի, ով սրա մեջ մի թեթև ներգործություն ունեցել է: Մենք կիմանանք ով է եղել, թող չկասկածեն։

 

Ոչ ոք իմ հետ չի կարող սպառնալիքի լեզվով խոսել, սա է իրենց չակերտավոր «լավ տղու» արարքը: Իրենք են, եկան իմ ընտանիքի վրա: ՔՊ-ի ու իրենց կցորդների ցավալի տեղերն ենք արդեն ներխուժել, ցավալին էլ կոռուպցիոն ու թալանը բացահայտելն է, չի ստացվելու։ Ես այսպես քմծիծաղով ասում եմ, բոլորը պատասխան են տալու, հատ առ հատ»,- հայտարարեց Գևորգ Ստեփանյանը:

 

Նա տեղեկացրեց, որ իրավապահները մեքենայի մեջից առգրավել են բենզինով շորով փաթաթված փայտը, արձանագրել են, որ մեքենայի մեջ առկա էր բենզին:

«Այստեղ բոլոր փողոցներում կան տեսախցիկներ, նաև անհատ մարդկանց տներում, 24 ժամում կարող են բացահայտել: Հիմա մենք այն դարում ենք, որ այն տեսախցիկները բոլոր տեղում առկա են, ցանկության դեպքում, եթե չկոծկվի, միանշանակ 24 ժամվա մեջ բացահայտվելու է»,- հավելեց նա:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր հրկիզել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, բենզինով լի շիշ են նետել մեքենայի սրահ, եւ ուժեղ բենզինի հոտ է գալիս մեքենայից: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

  • Կիսվել: