չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատմության գրքում եկեղեցու հիմնադիրը Տրդատ թագավորն է, Արարատի սրբազան լինելու մասին կցկտուր հիշատակություն է. Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Պատմության գրքում եկեղեցու հիմնադիրը Տրդատ թագավորն է, Արարատի սրբազան լինելու մասին կցկտուր հիշատակություն է. Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Այն, ինչն այսօր տեղ է գտել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում, նախապատրաստվել է տարիներ առաջ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Ես ծանոթացա 2018 թվականի դեկտեմբերին հրապարակված մի շարք կազմակերպությունների զեկույցին, որոնցում ներկայացվում էր Հայաստանի զարգացման ծրագիրը, հեռանկարները, ինչպես նաև անդրադարձ էր կատարվում կրթության ոլորտին։ Նշվում էր, որ պետք է ձերբազատվել կարծատիպերից։ Թե որոնք են կարծրատիպերը, մեր իշխանությունների բառապաշարում շատ հստակ է, թե իրենց բառարանում ինչպես է թարգմանվում. օրինակ՝ ազգային ինքնությունը որոշակիորեն կարծրատիպի արժեք ունի, ցեղասպանության վերաբերմունքը կարծրատիպի արժեք ունի, Հայ դատը կարծրատիպի արժեք ունի։ Այս առումով որևէ անակնկալ չէր կարող լինել, որ դասագրքում պետք է ընդգրկված լինեն նշված հայեցակարգային դրույթները։ Օրինակ՝ Հայկ Նահապետը ընդունված է որպես հայ ժողովրդի նախահայր, սակայն այս դասագրքում ընդամենը մեկ հիշատակություն կա՝ Պարույր Սկայորդու նախահայր լինելն է։

Արարատ սարի սրբազան լինելու վերաբերյալ շատ կցկտուր հիշատակություն է, վերջին շրջանում Արարատի ու Արագածի համադրությունը, Արարատի հիշատակությունը որոշակի պահանջատիրության տեսանկյունից որոշակի մտահոգություններ է առաջացնում, ես կասկած չունեմ, որ սա քաղաքական գծի ուղիղ արձագանքն է դասագրքի մեջ։ Չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ եկեղեցու հիմնադիրը դարձել է Տրդատ թագավորը, մենք էլ միամտորեն կարծում էինք, որ եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է։ Ասում է՝ Թադեոս առաքյալը նահատակվեց Սանատրուկ արքայի արքունիքում, ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է Թադեոս առաքյալը արքունիքում նահատակված լիներ, հավանաբար ուզել է ասել Հայաստանում կամ հայկական տարածքներում, բայց ուղղակի նշել է՝ արքունիքում»,- նշեց Արշակ Սրբազանը։

Արշակ Սրբազանն ասաց՝ այդ դասագրքում նշվում է՝ «պատմությունը պիտի վերատեսենք», ինչի հետ ինքը համաձայն չէ. «Գուցե պատմության նկատմամբ մեր մոտեցումնե՞րը պետք է վերատեսենք։ Պատմությունը հնարավոր չէ վերատեսել, դա այն է, ինչ տեղի է ունեցել։ Մարդիկ իրենց մատնում են, այսինքն՝ նրանք ուզում են պատմությունը խմբագրել։ Այս դեպքում մենք գործ ունենք սերունդների դաստիարակության հետ, նրանց մեջ մխրճվում են կերպարներ, իրադարձություններ, որոնց վերաբերյալ ունենում են յուրահատուկ մոտեցումներ»։

  • Կիսվել: