շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատգամավորները ևս կոմունալների համար գումար են ստացել. Փաշինյանը կոչով դիմեց նրանց

Պատգամավորները ևս կոմունալների համար գումար են ստացել. Փաշինյանը կոչով դիմեց նրանց

«Դուք գիտեք, թե որքան քննարկվեց կոմունալ վճարների թեման։ Ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել»,- այսoր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը «սենսացիոն» տվյալներ հայտնեց կոմունալների վերաբերյալ։

Նա նշեց, որ կոմունալների հետ կապված 4 ծրագիր են իրականացրել, և մոտ 5 մլրդ դրամ փոխհատուցել են ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, և պետք է աջակցել:

«Իհարկե սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ է, սակայն այսօրվա դրությամբ մեր 5 մլրդ փոխանցումից մոտ 2 մլրդ դրամը հաշվիներին նստել է որպես կանխավճար: Ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները կոմունալ վճարների ամենապարտաճանաչ վճարողներն են: Եվ մեր հաշվարկներով 800 մլն դրամը հենց այս սեգմենտի մարդկանց հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար: Մեր գնահատմամբ՝ 1,2 մլրդ դրամ էլ նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք իրականում դրա կարիքը չունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա էր պատճառը՝ այդ որոշումը կայացնելիս տատանվում էին, քանի որ ամենամեծ խնդիրը եղել է հակաճգնաժամային միջոցառումները մաքսիմալ դարձնել հասցեական:

Վարչապետը նշեց, որ այս գումարները փոխանցել են այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա անհրաժեշտությունը չունեն: Նրա խոսքով, ենթադրաբար մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին է փոխանցվել մոտ 20 հազարական դրամ: Խոսքը վերաբերում է նրանց, որոնք հոսանքն ու գազը սպառել են այնքան, որ տեղավորվել է աջակցություն ստանալու սահմաններում:

«Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր չունեն դրա կարիքը, աջակցեն մեզ, որ այդ գումարը վերահասցեագրվի»,- ասաց նա:

Վարչապետ պատգամավորներին կոչ արեց գտնել իրենց շրջապատում մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն և աջակցեն նրանց:

Նա նշեց նաև, որ ուզում է հրապարակել նաև այլ տվյալներ, որոնք, իր կարծիքով, սենսացիոն են: 

Մասնավորապես, ըստ նրա, 2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ՀՀ-ում եղել է 620 905 աշխատատեղ․«Խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ: Այդ աշխատավարձի համար ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ և վճարվել է: Այսինքն, 620 հազար մարդ ստացել է աշխատավարձ ապրիլի 20-ի դրությամբ։ Ես ուզում եմ ընդգծել, որ, օրինակ, փետրվարին եղել է 618 հազար աշխատատեղ»։

Վարչապետի խոսքով, 2019 թվականի ամռանն առաջին անգամ արձանագրել են, որ ՀՀ-ում աշխատատեղերը հատել են 600 հազարի սահմանագիծը։

Նիկոլ Փաշինյանն նշեց նաև, որ ապրիլին աշխատավարձի ֆոնդը կազմել է 123 միլիարդ 883 միլիոն դրամ, իսկ փետրվարին՝ 119 միլիարդ 700 միլիոն. «Այսինքն՝ ապրիլին 3-4 միլիարդով ավելի շատ աշխատավարձ են ստացել: Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությանն այսօրվա դրությամբ հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ մենք կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին»։

 

  • Կիսվել: