երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Պատերազմի մասնակից ապագա վնասվածքաբանի համար ամենահաճելին ու գնահատվածը կրկին քայլող պացիենտն է

Պատերազմի մասնակից ապագա վնասվածքաբանի համար ամենահաճելին ու գնահատվածը կրկին քայլող պացիենտն է

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանների կողքին էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Ալբերտ Սրքոյանը:

Կլինիկական օրդինատուրա անցնելուն զուգահեռ՝ Ալբերտն աշխատում է նաև քաղաքային շտապ բուժօգնություն ծառայությունում՝ որպես բժիշկ։ Սեպտեմբերի 27-ին առանց ժամանակ կորցնելու մեկնել է Արցախ:

«Ճանապարհին պատկերացում չունեի, թե ինչ է սպասվում, մտածում էի էլի հերթական կրակոցներն են, որոնք շուտով կհանդարտվեն։ Տեղ հասնելուն պես հասկացա, որ պատերազմ է։ Հիվանդանոցներում խառնաշփոթ էր, բոլոր զինվորների մոտ ծանր ականապայթյունային վիրավորումներ էին, սարսափելի պատկեր էր, որը նույնիսկ մարտաֆիլմերում չի հանդիպում»,-դժվար օրերն է վերհիշում ապագա բժիշկը՝ շեշտելով, որ ընկերների հետ տարբեր իրավիճակներում է հայտնվել՝ անգամ հանդիպել են դիվերսիոն խմբի։

Ալբերտի խոսքով՝ պատերազմի ժամանակ բժշկի համար ամենակարևորն արագ կողմնորոշվելն է, ինչին նպաստում է ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքները, կարդացած գրքերը, կլինիկական դեպքերը, ուսումնական պրակտիկան ու հերթապահությունները։
«Ինձ հատկապես շատ են օգնել ռեանիմացիոն բաժանմունքներում հերթապահություններն ու շտապօգնությունում աշխատելը։ Վիրավորներ տեղափոխելուն զուգահեռ՝ պատերազմի օրերին եղել եմ նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում, որտեղ և անցնում եմ կլինիկական օրդինատուրան։ Մասնակցել եմ շատ վիրահատությունների ու վիրակապությունների։ Կային այնպիսի վերքեր, որոնք թվում էր՝ չեն լավանալու ու չեն սպիանալու։ Բայց բոլոր վերքերն էլ լավացան ու սպիացան, բացի մեկից` մեր հոգու վերքից, որի միակ սպեղանին թեև ժամանակն է, բայց միևնույն է այդ վերքը չի սպիանալու ու միշտ ցավալու է...»,-նշում է Ալբերտը՝ ընդգծելով, որ շատերին օգնելով չի կարողացել օգնել հարազատ եղբորը, ով հերոսաբար զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, Հադրութի թեժ մարտերում...
Ապագա վնասվածքաբանը հավելում է, որ պատերազմի ժամանակ բժշկի աշխատանքը տարբերվում է խաղաղ պայմաններում աշխատելուց. «Այլ բան է, երբ աշխատում ես ամեն ինչով հագեցած կլինիկայում կամ հիվանդանոցում, մեկ այլ բան է, երբ աշխատում ես ձեռքիդ տակ եղած սահմանափակ միջոցներով՝ արտակարգ պայմաններում, մարտի դաշտում, հոսպիտալում կամ շտապօգնության մեքենայում։ Պետք է առաջին հերթին չկորցնես ինքդ քեզ, պատրաստ լինես նույնիսկ ամենավատին, արագ կողմնորոշվես, միշտ մտքում ունենաս «պլան բ»»։

Ալբերտ Սրքոյանի խոսքով՝ պատերազմը ստիպել է ավելի շատ սիրել բժշկի մասնագիտությունը, հասկանալ մասնագիտության առանցքային կարևորությունը:
Անդրադառնալով նեղ մասնագիտության ընտրությանը Ալբերտը նշում է. «Դեռ ուսանողական տարիներից եմ որոշել վնասվածքաբան դառնալ, քանի որ քայլելը, տեղաշարժվելն ու ինքնասպասարկումը կյանքի որակի կարևորագույն գրավականներից մեկն է։ Թեև վնասվածքաբանի մասնագիտությունը շատ բարդ ու պատասխանատու է, բայց նույնքան հետաքրքիր ու պարտավորեցնող է։ Վնասվածքաբանի համար ամենահաճելի ու գնահատված պահը հիվանդի կրկին փայլող աչքերն են առաջին քայլն անելուց հետո»։
Նրա խոսքով՝ վնասվածքաբանի մասնագիտությունը տարբերվում է այլ մասնագիտություններից. «Հերթապահությունների ժամանակ ցանկացած պահի անհետաձգելի բուժօգնություն եմ ցույց տալիս վթարներից, վրաերթերից տուժած, բարձրությունից ընկած, ծեծված, հրազենային վիրավորում ստացած քաղաքացիներին։ Առհասարակ բժիշկը պետք է առաջին հերթին մեծ համբերատարություն ու լսելու ունակություն ունենա, քանի որ հիվանդները, որպես կանոն, սիրում են կիսվել ու պատմել իրենց կյանքի ամբողջ պատմությունը։ Ճիշտ անամնեզ հավաքելն առաջին քայլն է բժիշկ-հիվանդ հարաբերություններում»։

Ապագա վնասվածքաբանը հավելում է, որ թեև ազատ ժամանակ գրեթե չի ունենում, սակայն ծանր հերթապահություններից հետո նրան օգնում են սպորտը, մարզվելը, ինչպես նաև մասնագիտական գրականություն կարդալը»։

  • Կիսվել: