երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պարգեւատրվել են  առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները. ՀՀ ԿԳՄՍ-ն նրանց համար անվանական կրթաթոշակ է սահմանել

Պարգեւատրվել են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները. ՀՀ ԿԳՄՍ-ն նրանց համար անվանական կրթաթոշակ է սահմանել

Այսօր՝ մայիսի 12, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել ընթացիկ տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփման և մրցանակային տեղեր գրաված մասնակիցների խրախուսման արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Արցախի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է օլիմպիադային մասնակցած և մրցանակային տեղեր գրաված աշակերտներին:
«Օլիմպիադայի վերլուծության արդյունքները, սակայն, առաջ են բերում  որոշ հարցեր: Ինձ համար մտահոգիչ  է, որ «Ֆիզիկա» առարկայից օլիմպիադայի  մասնակից չենք ունեցել: Կային  դպրոցներ, որոնք  քիչ թվով մասնակիցներ են ներկայացրել:  Պետք է նշել, որ դա  դպրոցը գնահատելու չափանիշներից մեկն է: Ուրախալի է, որ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի միջնակարգ դպրոցից 16  աշակերտ մասնակցել է օլիմպիադային`  «Կենսաբանություն»  և «Քիմիա»  առարկաներից»,-նշել է Ն. Մկրտչյանը:

Нет описания.

ԿԳՄՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանի խոսքով՝ առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու համար մրցասպարեզ են մտել 314 դպրոցականներ:

Нет описания.

«Ստեփանակերտ քաղաքից մասնակցել է 149 դպրոցական, Մարտունու շրջանից՝ 54, Ասկերանից՝ 50, Մարտակերտից՝ 57, Հադրութի դպրոցից՝ 8,  Շուշիի շրջանի դպրոցներից՝ 11, Շահումյանի շրջանի Ակնաբերդի դպրոցից՝ 1 աշակերտ: Ստեփանակերտն ունեցավ 22 մրցանակային տեղ, Մարտունին՝ 11, Ասկերանը՝ 6, Մարտակերտը՝ 5: Զբաղեցրած մրցանակային տեղերի քանակով առաջին տեղում է Մարտունու թիմը՝ 11 մրցանակային տեղով, որը կազմում է շրջանի օլիմպիադայի մասնակիցների 21,6%-ը: Արդյունքների ամփոփումից հետո ցավալի փաստ արձանագրեցինք. վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ  1-ին մրցանակային տեղ գրաված աշակերտ չունեցանք»,-ընդգծել է Ռ.Մուսայելյանը:

Нет описания.

Նա իրազեկել է`  Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված`  օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որը պետք է կայանար Երևանում, տեղի  ունեցավ Ստեփանակերտում: Աշակերտների գրավոր աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ուղարկվեցին  Հայաստանի Հանրապետություն:

Нет описания.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր աշակերտները կարողացել են պատվով դուրս գալ այդ փուլից: 56 մասնակիցներից 23-ը արժանացել է մրցանակային տեղերի և գովասանագրերի: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ամփոփելով եզրափակիչ փուլի արդյունքները, նախարարի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի  թիվ 379 հրամանով, դիպլոմակիրների համար սահմանել է անվանական կրթաթոշակ` մեկ տարվա կտրվածքով»,-տեղեկացրել է Ռ.Մուսայելյանը:

Нет описания.

Մայրաքաղաքի 11-րդ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սլավա Սեյրանյանն արժանացել է ՀՀ անվանական կրթաթոշակի՝ երկարաձգելով արդեն իսկ 1 տարի շարունակ իրեն տրվող կրթաթոշակը: 

«Այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլում ես ունեցա որոշակի առաջընթաց` ի տարբերություն նախորդ տարվա արդյունքների: Եզրափակիչ փուլում  գրանցեցի նույն արդյունքը, որ ունեցա նախորդ տարի: Անգլերենից 2-րդ, իսկ Ռուսաց լեզվից 3-րդ տեղ զբաղեցրեցի: Բայց կրկնակի ուրախ եմ,  որ արդյունք արձանագրեցի «Հայոց լեզու» առարկայից, որովհետև դա իմ մայրենին է»,-մեզ հետ զրույցում ասել է Ս.Սեյրանյանը:

Нет описания.

Օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են դիպլոմներով և դրամական պարգևներով, ակտիվ մասնակիցները՝ գովասանագրերով։

  • Կիսվել: