Փակվել է 48 փողոց, բերման ենթարկվել 300 քաղաքացի. Վայոց Ձորից ավտոերթով գալիս են. Գառնիկ Դանիելյան
Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիների շնորհիվ փակվել է 48 փողոց: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ իրազեկման ակցիա է իրականացվել մետրոպոլիտենի տարբեր կայարաններում, Վայոց Ձորի մարզում։
«Մեր արժանապատիվ, հայրենատեր 300 քաղաքացու «բախտ է վիճակվել» բերման ենթարկվել: բոլորն ուրախ, անկաշկանդ, ուղնուծուծով հայրենիքին նվիրված մեր քույրերն ու եղբայրները առանց որեւէ վախի բերման են ենթարկվել»,-ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ Վայոց Ձորից ավտոերթով գալիս են, միանան շարժմանը։
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։


