Դեռ չգիտենք կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է. Ալեքսանյան
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցին՝ նշելով՝ դեռ չգիտեն՝ կգնա՞ն արտահերթի, թե՞ ոչ։
«Դա հնարավոր սցենարներից մեկն է, բացի այդ էլ ես չեմ կարծում, թե ընդդիմությունը դեմ է լինելու, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի Սահմանադրության մասով, էնպես որ դա հետագայում քննարկման ենթակա է։
Քայլերի մասով վարչապետն էլ է ասել, որ մենք՝ որպես կառավարող կուսակցություն, չափազանց զգույշ պետք է լինենք այս առումով, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի նոր՝ պետականամետ ընդդիմություն ձևավորվի, որովհետև մեր ձեռքով նմանատիպ ընդդիմություն ձևավորելը նախ և առաջ շատ վատ միտք է, քանի որ մենք կունենանք ընդդիմություն, որը ձևավորված է իշխանության կողմից։
Դա ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ քաղաքական համակարգի հետ»,– ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցում պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել, որ գրպանային ընդդիմություն չառաջանա։
«Ռիսկը միանշանակ կա, ու վարչապետն էլ ասաց, որ գուցե ակտիվ քայլեր առհասարակ պետք է չձեռնարկել, այլ ընդամենը խրախուսել վերբալ մակարդակում, որ ձևավորվի նման ընդդիմություն»,– ասաց Ալեքսանյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իշխանությանը ձեռնտու չէ ներկայիս ընդդիմությունը, և նրան հարկավոր է գրպանային ընդդիմություն, պատասխանեց՝ չէ՞ որ առկա ընդդիմության պայմաններում է, որ ՔՊ կուսակցությունը ՏԻՄ-երում ստացել է ձայների մոտ 90 տոկոսը, ու հենց դրանից է ծագել այդ միտքը։
«Մեզ ոչ թե գրպանային ընդդիմություն է պետք, այլ մեզ ընդդիմություն է պետք, որովհետև այս եղածի մեջ ինչ-որ ուժ ներկայացնող չկա։ Այսինքն՝ սա հանրային, քաղաքական դաշտի խնդիր է»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ իրենք արձանագրում են այդ խնդիրը։
«Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ մենք բացարձակապես ոչ մի քայլ չպետք է և չենք կարող ձեռնարկել։ Ես, օրինակ, կողջունեմ, եթե Հայաստանում ձևավորվեն քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կունենան պետականամետ քաղաքականություն»,– ընդգծեց ԱԺ փոխնախագահը։



