Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ, ընդդիմադիր 2 խմբակցությունները կողմ չքվեարկեցին. Բաթոյան
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված՝ իմ և գործընկերներիս՝ Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախագիծն Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները կողմ չքվեարկեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը:
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը, ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննությունը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
1. Վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանական միջոցառումների իրականացում։
2. Սահմանել, որ անհետաձգելի միջամտության որոշումն ընդունվում է բռնության դեպքի մասին տեղեկանալուց հետո՝ ոչ ուշ, քան ութ ժամվա ընթացքում։
3. Նախատեսել, որ ոստիկանության ծառայողը, անկախ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հանգամանքից, դեպքի մասին տեղեկանալուց առավելագույնը 12 ժամվա ընթացքում առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում քննչական մարմնին, եթե հայտնաբերել է առերևույթ հանցագործության հատկանիշներ։
4. Փոփոխություններով առաջարկվում է բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձնել պարտադիր։
5. Ֆիզիկական բռնության սահմանումը լրացնել «աջակցող միջոցից կամ օժանդակ հարմարանքից զրկելը, այն վնասելը կամ ոչնչացնելը, դրա օգտագործումը սահմանափակելը» բառերով։
6. Նախատեսում ենք, որ անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ ընտանիքի անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ բռնություն է կիրառվել։
7. Հստակեցնում ենք, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ լինելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը։
8. Սահմանել ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ տարեկան վիճակագրության հրապարակման ժամկետը, այն է՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտը։
9. Նախատեսել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց համար նախատեսված՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների միասնական անվճար «Թեժ գիծ» ծառայության գործարկումը, դրա անընդհատ և մատչելի հասանելիությունը։
10. Ամրագրել ԿԳՄՍ նախարարի իրավասությունը՝ սահմանելու հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի բացահայտման և իրավասու մարմիններին հաղորդման կարգը, հիմքերն ու ժամկետները։
11. Սահմանում ենք, որ ոստիկանության ծառայողը կարող է կայացնել անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշում միայն այն դեպքում, եթե անձի կյանքին կամ առողջությանը սպառնում է վտանգ, և հնարավոր չէ ապահովել նրա կամ նրա խնամքի տակ գտնվող անձի անվտանգությունն անհետաձգելի միջամտության որոշման կիրառմամբ։
12. Բռնության դեպքի վերաբերյալ ահազանգի հիման վրա լիազորություններն իրականացնելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։
ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է՝
• Ընտանիքում և կենցաղային հարաբերություններում կատարվող՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նախատեսել առանձին գլուխներով՝ դրանց համար սահմանելով ավելի ծանր պատիժ, քան ներկայումս նախատեսված է։
• Ընդլայնել ընտանիքի անդամի կողմից ֆիզիկական ներգործության հանցակազմը՝ ներառելով որոշակի ժամանակահատվածում պարբերաբար բռնության կիրառումը։
• Ընդլայնել ընտանիքի անդամի կողմից հոգեկան ներգործության հանցակազմը՝ ներառելով ցանկացած բռնության և գույքը ոչնչացնելու ու վնասելու սպառնալիքները, ինչպես նաև օրենսգրքով հստակ սահմանել սոցիալական մեկուսացման և վերահսկման հասկացությունները՝ գործնականում այդ արարքի պատշաճ որակումը երաշխավորելու նպատակով։
• Նախատեսել, որ ընտանեկան և կենցաղային բռնության համար դատապարտված անձանց նկատմամբ պատժի հետ զուգակցված կամ առանց դրա պարտադիր կիրառվում է անվտանգության միջոց՝ ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու պարտականությունը։
• Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում բացառել քրեական
պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվում է՝
• Նախատեսել, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց և անկախ դատախազի նախաձեռնությունից։
• Նախատեսել, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքի վերաբերյալ վարույթով մեղադրյալի նկատմամբ տնային կալանք չի կարող կիրառվել, եթե մեղադրյալը և տուժողը համատեղ են բնակվում, և հնարավոր չէ վարույթի իրականացման ընթացքում ապահովել մեղադրյալի կամ տուժողի մշտական բնակությունն այլ վայրում։
• Սահմանել, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքի վերաբերյալ վարույթով տուժողը հարցաքննվում է մեկ անգամ և կարող է հրաժարվել լրացուցիչ հարցաքննությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն անհրաժեշտ է առաջին հարցաքննությունից հետո վարույթն իրականացնող մարմնին հայտնի դարձած հանգամանքների պարզաբանման համար։



