չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Սլովենիան ու Հայաստանն ապագայում ակտիվ կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում։

Այս մասին հայտարարել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը՝ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սլովենիան պատրա՞ստ է կենսաբազմազանության պահպանման ոլորտում իր փորձը փոխանցել Հայաստանին։

«Սլովենիան և Հայաստանը հարուստ կենսաբազմազանություն ունեցող երկրներ են։ Մենք շատ լավ փորձ ունենք ցույց տալու ուրիշներին, թե ինչպես պետք է շրջակա միջավայրի և բնության մասին հոգ տանել։

Այս առումով շատ կարևոր է հավասարակշռված մոտեցում ցուցաբերելը․ մի կողմից պաշտպանել կենսաբազմազանությունը, մյուս կողմից զարգացնել տնտեսությունը՝ առանց էկոհամակարգերին վնաս հասցնելու։ Այս առումով Սլովենիայի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են։ Ապագայում սերտորեն կգործակցենք։

Սլովենիան այն երկիրն է, որն աշխարհում մեղուների համար հատուկ օր է հայտարարել։ Առանց փոշոտողների՝ կենսաբազմազանության ոլորտում ոչ մի առաջընթաց չի լինի։ Այս հարցն օրակարգային այն կետերից մեկն է, որի առնչությամբ Սլովենիան ու Հայաստանը համատեղ կարող են լուրջ դերակատար լինել համաշխարհային հարթակներում»,- ասել է Տոնե Կայզերը։

Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը Հայաստան կատարած այցի շրջանակում կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում կայանալիք բարձր մակարդակի նախարարական ժողովին։

 

  • Կիսվել: