երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության ծախսերի մոտ 72,5 տոկոսը 2022թ. նախատեսված է աշխատավարձերի եւ պարգեւավճարների համար

Ոստիկանության ծախսերի մոտ 72,5 տոկոսը 2022թ. նախատեսված է աշխատավարձերի եւ պարգեւավճարների համար

Ոստիկանությանը հատկացվող 66,5 մլրդ դրամից մոտ 48,3 մլրդ դրամ (72,5 տոկոս)  նախատեսված է գերատեսչության աշխատավարձի ֆոնդի համար։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Մնացած միջոցները, ինչպես նշեց փոխոստիկանապետը, նախատեսված են գերատեսչությունը եւ նրա տնօրինության տակ գտնվող ստորաբաժանումները պահելու համար։

Բացի այդ,  եկող տարի ոստիկանությունը կկազմի աշխատավարձերի վերանայման ծրագիր իր բոլոր ստորաբաժանումներում։ «2022թ. մենք հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին կներկայացնենք աշխատավարձերի փուլային վերանայման ծրագիր նաեւ ոստիկանության մյուս ստորաբաժանումներում»,- տեղեկացրեց Ֆիդանյանը։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց փոխոստիկանապետը, 2022թ. կշարունակվեն Ոստիկանության զորքերի բարեփոխման եւ այն նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարության կազմում ներգրավելու քննարկումները։

  • Կիսվել: