հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Օրրան»-ի սաները Արթուր Աբրահամի հետ նշեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը

«Օրրան»-ի սաները Արթուր Աբրահամի հետ նշեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին «Օրրան» բարեգործական հիմնադրամ էր այցելել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը փոքրիկների համար խորոված պատրաստեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օրրան»-ի սաները «չեմպիոն-չեմպիոն» վանկարկումներով ընդունեցին Աբրահամին և ողջունելուց հետո գոգնոց հագցրին, որպեսզի բռնցքամարտիկն սկսի աշխատանքը:

Արթուր Աբրահամն ասաց, որ միայն խորոված պատրաստելիս է գոգնոց կրում: Նա վստահ է, որ յուրաքանչյուր հայ տղամարդ պարտավոր է համեղ խորոված պատրաստել: Բռնցքամարտիկը կարծում է, որ նման տոներն անհրաժեշտ են, սակայն իր համար յուրաքանչյուր օր երեխաների տոն է, քանի որ ապրում է նրանց համար և անում ամեն հնարավորը, որ փոքրիկները երջանիկ լինեն:

«Երեխաներն ուշադրության, սիրո կարիք ունեն: Իմ երեխաները տոնը նշելու են մանկապարտեզում, հետո միանալու եմ նրանց: Նշելու ենք և՛ երեխաների տոնը, և՛ հորս 65-ամյակը»,-ասաց նա:

Արցախի, Հայաստանի և սփյուռքի երեխաները, որոնք ներկա էին միջոցառմանը, համտեսեցին Արթուր Աբրահամի պատրաստած խորովածը, երգեցին, պարեցին՝ ցույց տալով իրենց միասնականությունը: Նրանք պարով խաղաղություն մաղթեցին բոլորին:

«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ երեխաներն անհամբերությամբ են սպասում այս օրվան: Տոնին սպասում են նաև նվիրատուները, որոնք մտածում են, թե ինչ նվերներով պետք է ուրախացնեն փոքրիկներին:

Հովհաննիսյանի համոզմամբ՝ համավարակը աշխարհը փոխեց և մեծ ազդեցություն ունեցավ նաև երեխաների վրա: «Երեխաներն այցելում էին դպրոց, ֆիզիկապես շփվում էին իրենց ընկերների հետ, հաճախ էին փողոցում խաղում: Համավարակի պատճառով մարդկային մտերմիկ հարաբերություններն ինչ-որ չափով կորան, ու երեխաներին սկսեց առավել հետաքրքրել համակարգչային հաղորդակցումը, ինչը տխուր փաստ է: Հետո՝ պատերազմը, որը բացասական ազդեցություն ունեցավ ոչ միայն Արցախի երեխաների վրա: Այն ցավ պատճառեց նաև Հայաստանի փոքրիկներին: «Օրրան»-ում կան երեխաներ Արցախից, Լիբանանից, Սիրիայից, որոնք երբեմն պատմում են, թե ինչպես թողեցին իրենց տները»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կյանքը ցույց տվեց՝ նախ և առաջ անհրաժեշտ է հոգալ երեխաների առողջության մասին, հնարավորություն տալ, որ լավ սնվեն,

կրթություն ստանան: «Եթե մեկ տարի առաջ այդ ամենը մեզ համար այնքան էլ մեծ խնդիր չէր, ապա այժմ մարտահրավեր է, ինչը հեշտությամբ չենք կարողանում հաղթահարել: Սիրտս կոտրված է. հազարավոր երեխաներ որբացան պատերազմի հետևանքով, համավարակի հետևանքով հարազատների կորցրին: Հարց էր առաջանում, թե ինչքանո՞վ է ճիշտ նշել այս տոնը:  Ըստ իս՝ մենք կրում ենք այս ցավը, որ երեխաները փայլուն, երջանիկ ապագա ունենան: Պետք է սկսել այսօրվանից: Պետք է կարողանանք հաղթահարել տխրությունն ու երջանկացնել փոքրիկներին»,-եզրափակեց Արմինե Հովհաննիսյանը:

Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին: 

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները: Վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:

  • Կիսվել: