չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
«Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրը բողոքում է ապօրինի կառուցապատումից․ պատկան մարմինների պարզաբանումը

«Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրը բողոքում է ապօրինի կառուցապատումից․ պատկան մարմինների պարզաբանումը

 «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը պնդում է՝ ՀԿ-ի շենքի մոտակայքում ապօրինի կառուցապատում է իրականացվում․ պատկան մարմինները իրենց հերթին նշում են, որ ուսումնասիրում են խնդիրը, հետազոտության արդյունքները ցույց կտան, թե ինչ հանգուցալուծում կլինի։ 

«Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրը պնդում է՝ կազմակերպությունը զոհ է դառնում ապօրինի կառուցապատման, որը վտանգում է հարյուրավոր երեխաների կյանքը։ 

«Օրրան»-ից նշում են՝ ըստ փորձագիտական եզրակացության, կառուցապատողը, որը հասարակական նշանակության շինության աշխատանքներ է սկսել «Օրրան»-ի հարևանությամբ, խախտում է մի շարք շինարարական նորմեր։ ՀԿ- հիմնադիրը նշում է, որ  «Օրրան»-ի շենքի և կառուցվող շենքի հեռավորությունը ընդամենը 1,6 մետր է, որը չի ապահովում ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» նորմի 150-րդ կետի և ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի 439-րդ կետի պահանջները, ըստ որի շենքերի միջև թույլատրելի հեռավորությունը պետք է լինի առնվազն 6 մետր։ 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են՝ «Օրրան»-ի հիմնադիր և տնօրեն Արմինե Հովհաննիսյանի բողոք-դիմումը ստացել են դեկտեմբերի 12-ին: 

«Դրա հիման վրա տեսչական մարմնի ղեկավարի կողմից ստացվել է հանձնարարական՝ հետազոտություն իրականացնել տվյալ կառուցապատման նկատմամբ: Արձանագրված արդյունքներից ամեն բան պարզ կլինի: Ստուգում կիրականցվի և պարզ կլինի, թե խնդիրը ինչ հանգուցալուծում կստանա»,- ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը: 

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային առաջին բաժնի պետ Տաթև Քարտաշյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում  տեղեկացրեց, որ նախագիծը քաղաքապետարանի կողմից համաձայնեցվել է` հիմք ընդունելով տեսչական մարմնի դրական եզրակացությունը, որտեղ նորմերի խախտում չկա: 

«Նորմերի մեջ գրված թույլատրելի հեռավորությունը 6 մետր է, սակայն, կախված շինությունների հրակայունության աստիճանից, այդ հեռավորությունը հնարավոր է կրճատել կամ հակառակը: Մինչև  քաղաքապետարանի հետ համաձայնեցնելն, աշխատանքային նախագիծը նախապես համաձայնեցվել է տեսչական մարմնի հետ։ Նախագծերում առկա է տեսչական մարմնի դրական եզրակացությունը, բոլոր էջերի վրա կա նրանց կնիքը, որ նախագիծը հակահրդեհային նորմերին համապատասխանում է»,- մանրամասնեց Քարտաշյանը:

Բացի այդ, Քարտաշյանը տեղեկացրեց, որ կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը համաձայնություն է տվել այդ հասցեում երկհարկանի շինություն կառուցելուն՝ առանց սահմաններ նշելու:

«Գլխավոր հատակագծով, որը համաձայնեցվել է, նախատեսվող հասարակական շինությունն «Օրրան»-ի շենքից 2.2 մետր հեռավորության վրա է տեղակայված։ Այսինքն՝ 1.6 մետրի մասին խոսք չկա: Եթե տեղում շեղումներ են եղել, մեր վարչությունը տեղեկատվության չի տիրապետում»,- պարզաբանեց Քարտաշյանը՝ նշելով, որ հնարավոր շեղումների հարցերով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ունեն ներկայցված գեոդեզիա, որ կառուցապատողն իր սահմաններում, իր տարածքի մեջ ճիշտ նիշերով տեղադրել է սյուները, և շինարարական աշխատանքներն անցկացնում են շինթույլտվությանը համապատասխան: «Անհրաժեշտություն առաջացավ գեոդեզիա անել, և, ըստ դրա, ճիշտ տեղում են՝ իրենց հողի տարածքում, որը լիցենզավորված կազմակերպության կողմից ներկայացվել է մեզ որպես եզրակացություն: Եթե «Օրրանը»-ը 2.2 մետր հեռավորության մասով համաձայնություն է տվել։ Շատ հնարավոր է, որ իրենց շենքն էլ տեղադիրքի խնդիր ունի: Միանշանակ է, որ մի օբյեկտից չեն գալիս այդ խնդիրները: Այս պահին համայնքը այդ մասով որևէ լուծում չունի։ Իրենք պետք է հասկանան, որ, եթե 2.2 մետր հեռավորության մասով իրենց համաձայնությունը տվել են, կառուցապատողն էլ իր հողի տարածքում է այդ գործունեությունն իրականացնում: Պետք է իրենք գտնեն այդ լուծումները, եթե ոչ, թող դատական սկզբունքով այդ հարցը կարգավորեն։ Համայնքն անելու բան չունի, մենք այդտեղ քանդելու բան չունենք, անվավեր ճանաչելու որոշում չունենք»,- հստակեցրեց Ասատրյանը։

 

«Օրրան»-ի հիմնադիր և տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշում է՝ եթե հարցը լուծում չստանա, դատական հայց կներկայացնի՝ կառույցը քանդելու պահանջով։

  • Կիսվել: