չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Որևէ բուհի Երևանի կենտրոնում հող չենք տալու, թող գնան Ակադեմիական քաղաք․ Նիկոլ Փաշինյան

Որևէ բուհի Երևանի կենտրոնում հող չենք տալու, թող գնան Ակադեմիական քաղաք․ Նիկոլ Փաշինյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին կարևոր լուր է հայտնել, վարչապետն էլ  կառավարության նիստում կիսվեց այդ նորությամբ։  Փաշինյանի տեղեկացմամբ՝ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կունենանք դիմորդների բավականին մեծ թիվ։

 

Ըստ նրա՝ սա կապված է նրա հետ, որ ռազմական համալսարան ընդունված, ավարտած ու ծառայության անցած սպաները ծառայության  անցնելու պահին կստանան բնակարան։

 

«Դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չեն ունենա, ենթադրաբար, բնակարանները կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք, եթե ծառայում են Սյունիքում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ ու իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել։  Այսինքն՝ ստանում են արդեն կրկնապատկված աշխատավարձ ու բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտ»,-  մանրամասնեց Փաշինյանը։

 

Վարչապետը նաև հայտնեց, որ կառավարության ծրագրում է սպայական համալսարան ու սպայական ավագ դպրոց ունենալը, որը կտեղակայվի Ակադեմիական քաղաքում։

Փաշինյանը հստակեցրեց, որ  ծրագիրն արդեն մտել է իրականացման  փուլ, առաջիկայում կունենանք գլխավոր հատակագիծը, կսկսենք նախագծերը փուլ-փուլ իրականացնել։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ներկայացրեց բուհերի ընդունելության պատկերը։ Փաշինյանն  ի պատասխան նկատեց, որ  ճգնաժամ կա, որը պետք է հաղթահարել և իրենք ունեն  դրա հաղթահարման գործիքակազմը։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը խոսեց Ակադեմիական քաղաքի կառուցման և բուհերի բարեփոխումների մասին․

«Հայաստանում գործող օտարերկրյա բուհեր կան, որոնք դիմում են մեզ և ասում՝ հող տվեք մեզ, որը ցանկալի է լինի Երևանի կենտրոնում, որպեսզի մասնաշենք կառուցեն։ Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, իսկ ընտրությունը շատ պարզ է, բոլորը պետք է համակերպվեն։ Դա անսակարկելի է լինելու»,- ներկայացրեց  կառավարության ղեկավարը։

  • Կիսվել: