հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոլորտի կարգավորման բոլոր մասնագետները՝ սկսած փոխվարչապետից, եթե մի կաթիլ ամոթ ունեն, պետք է հեռացվեն աշխատանքից. Ճաղարյան

Ոլորտի կարգավորման բոլոր մասնագետները՝ սկսած փոխվարչապետից, եթե մի կաթիլ ամոթ ունեն, պետք է հեռացվեն աշխատանքից. Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է պարզաբանում ՔԱԿ-ի՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ներկայացրած տեղեկությանն առ այն, որ Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա՝ մեկ ուղղությամբ։

Նա նշել է, որ սև ցուցակում հայտնվելով՝ հայկական միակ ավիաընկերությունը զրկվել է իր միակ եվրոպական կանոնավոր ուղղությունից, իսկ մյուս ընկերությունը` իր 3 A-320 օդանավերով` պայմանագրերի կատարման հնարավորությունից: Ճաղարյանի գրառումը՝ ստորև․

«ՀՀ ՔԱԿ-ը տեղեկացնում է, որ Եվրոպական Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) դեպի Եվրոպա թռիչքներից զրկել է ընդամենը մի ավիաընկերության, և ընդամենը մի ուղղություն կատարելուց:

Պարզաբանեմ`
EASA-ն Հայաստանի Հանրապետության Ավիացիոն Իշխանություններին «պատվավոր» տեղ է հատկացրել իր անվստահելի գործընկերների սև ցուցակում։

Ինչի հետևանքով հայկական միակ ավիաընկերությունը զրկվել է իր միակ եվրոպական կանոնավոր ուղղությունից:

Իսկ մյուս ընկերությունը` իր 3 A-320 օդանավերով` պայմանագրերի կատարման հնարավորությունից:

ՔԱԿ-ը բառացիորեն կրկնել է մի շաբաթ առաջ ԱԺ-ում փոխվարչապետ Ավինյանի «գաղափարը»...

Ամոթից գետինը մտնելու փոխարեն 16 (հիմնականում Աֆրիկյան մայրցամաքի ամենահետամնաց) երկրների ցանկում հայտնվելու համար այսպիսի բացատրություն... ու եղածը չարախոսների մանիպուլյացիա անվանել...

Էս պարագայում ոլորտի կարգավորման բոլոր մասնագետները, սկսած փոխվարչապետ Ավինյանից, EASA աուդիտում նշված բոլոր 42 թերացումների համար պատասխանատունրը, ՔԱԿ նախագահի գլխավորությամբ, եթե մի կաթիլ ամոթ ունեն, պետք է հեռացվեն աշխատանքից, և պատասխանատվության ենթարկեն»:

Նշենք, որ Հակոբ Ճաղարյանը նաև հեռուստատեսային բանավեճի է հրավիրել վերոնշյալ տեսակետը ներկայացնող բոլոր պետական պաշտոնյաներին։

  • Կիսվել: