կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղավիացիան վրիպակ է թույլ տվել, տվյալներ տալով, թե նույն օրում Սերժ Սարգսյանը Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն

Քաղավիացիան վրիպակ է թույլ տվել, տվյալներ տալով, թե նույն օրում Սերժ Սարգսյանը Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն

Այսօր դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործի քննության շարունակությունն էր:

Դատարան էր ներկայացվել Խաչատուր Սուքիասյանի՝ «Հայէկոնոմբանկում» մասնակցության տոկոսի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարագրած միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

Ըստ այդ տեղեկությունների, Սերժ- Սարգսյանի միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 մլն 200 հազար դրամ,աշխատանքի վարձատրությունը՝ 15 մլն 470 հազար դրամ, մեկ այլ աշխատանքի վարձատրությունը՝ 659 հազար դրամ, տրված փոխառությունների դիմաց տոկոսների հատուցումը կազմել է 3 մլն դրամ:

Նրա անունով «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենա է հաշվառված եղել: Դատարանում ներկայացվեց Սերժ Սարգսյանի՝ նախորդ տարիների հայտարարագրած միջոցները եւս: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում․․․ Պարոն Օհանյանը լավ գիտի, 3-րդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսը՝ մի համար փոքր, ոնց ա եղել, որ «Ֆաբերժե» չգիտեմ ինչեր էր․․․, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին,  կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել․․․»։

Հայցով Սերժ Սարգսյանը պահանջում է, որ Սուքիասյանը ԱԺ նիստում 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհնարինության դեպքում` ԱԺ հերթական նիստում, հերքի Սերժ Սարգսյանի` Բադեն–Բադենում 100 մլն դոլարից ավելի գումար պարտվելու մասին իր նախկին հայտարարությունը, ընդ որում` առանց սեփական որևէ մեկնաբանություն ավելացնելու։

Բացի այդ, պահանջում են, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ–ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում` դարձյալ առանց որևէ սեփական մեկնաբանության։ Հայցով պահանջվում է Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել 1 մլն դրամ` որպես զրպարտության փոխհատուցում եւ խոստանում են գումարն անմիջապես ամբողջությամբ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Սուքիասյանի շահերի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը նշեց, Խաչատուր Սուքիասյանը այդ տեղեկությունն իմացել է այն անձանցից, որոնք այդ շրջանակների հետ առնչվել են, օրինակ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել դրա մասին: Նրա խոսքով՝ հիմա նշում են,որ այդ տեղեկությունները արատավորում են Սերժ Սարգսյանի պատիվը, բարի համբավը, բայց քրգործի հարուցումը որեւէ կերպ կապված չի եղել Խաչատուր Սուքիասյանի ելույթի հետ, դրա հարուցման հիմք է հանդիսացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը հանցագործության մասին՝ փաստերի ստուգման հարթակի հիման վրա:

Որպես ապացույց ներկայացվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցներից մեկը, որտեղ հարց է հնչել՝ ճի՞շտ է, որ դուք խաղամոլ եք, այցելում եք խաղատներ, նա պատասխանել է՝ ոչ, սուտ է, չեմ այցելում: Հաջորդ ապացույցը, որ ներկայացվել է, «Սիվիլնեթի» Թաթուլ Հակոբյանի հրապարակումն է՝ «Կտրել Զարուհու լեզուն, կտրել Վիկտորի լեզուն» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշված է. «Երկրորդ «դավաճանությունը», որ թույլ տվեց Փոստանջյանը, կազինոյում 70 միլիոն եվրո գումար կրվելու մասին էր: Այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը կազինո է գնում, այսինքն խաղամոլ է, նույնպես անպատասխան կախված է Հայաստանի օդում: Սերժ Սարգսյանը կազինո գնո՞ւմ է, թե՞ չի գնում, իսկ եթե գնում ու կրվում է, ապա սեփակա՞ն, թե՞ պետբյուջեի փողերը: Եթերից ես արդեն երկրորդ անգամ եմ լսում, որ Սերժ Սարգսյանը կազինո չի գնում: Երկու դեպքում էլ հերքողը Սերժ Սարգսյանն է: Առաջին անգամ նա հերքեց դա՝ ելույթ ունենալով հայկական հեռուստալսարանի առաջ՝ մոտ հինգ տարի առաջ… Սերժ Սարգսյանի՝ կազինո խաղալու և «կոնը հիսուն հազար դնելու» մասին առաջին խոսակցությունը հրապարակայնացրել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն այսօր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է և ներկայացուցիչը Ազգային ժողովում: Եթե կտրում ես Զարուհու լեզուն, պիտի կտրես նախևառաջ Վիկտորի լեզուն»:

Հաջորդ ապացույցը, որ ներկայացվեց, «Սերժ Սարգսյանը կտրականապես հերքում է շշուկները, որ մասնաբաժին ունի Հայաստանի մեծ բիզնեսի մեջ» վերտառությամբ հրապարակումն էր, որտեղ Սերժ Սարգսյանը դարձյալ հերքում է, որ խաղամոլ է: Մեջբերվեցին նաեւ հրապարակումները ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունների հետ կապված, որտեղ նա խոսել էր Սերժ Սարգսյանի խաղամոլ լինելու, կոնի մասին: Հետո ներկայացվեց Fip.am փաստերի ստուգման հարթակում հրապարակված՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նախագահական ինքնաթիռի չվերթների աղյուսակը, թե քանի անգամ է վայրէջք կատարել Բադեն-Բադենի օդանավակայանում:

Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանն ասաց, որ իրենք վիճարկել են Fip.am-ում հրապարակված նյութերի իսկությունը, քանի որ Բադեն-Բադենի օդանավակայանում լինելը դեռ չի նշանակում լինել խաղատնում: Բացի այդ, ըստ նրա, Սերժ Սարգսյանի թռիչքների վերաբերյալ արժանահավատ տեղեկությունները այնպես չէ, որ պետք է Fip.am կայքից ձեռք բերվեն: Նա նաեւ հայտնեց, որ Fip.am-ում նշված հրապարակման մեջ ավելացվել է թարմացում՝ Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ իրենց տրամադրած տեղեկություններում 2016-ի ապրիլին հենց այդ թռիչքի վերաբերյալ եղել է վրիպակ. «Խիստ էական վրիպակ է. Fip.am-ում ներկայացվում է օգոստոսի 8-ին նախագահական օդանավի «տարօրինակ» թռիչքը, որը նույն օրում Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն և կրկին վերադարձել Երևան։ Կայքում նշվում է՝ «այս փաստը ակնառու է հատկապես Խաչատուր Սուքիասյանի՝ օդանավով խաղատուն գումար տեղափոխելու հայտարարության շրջանակում, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով է այս թռիչքն իրականացվել»: Ճշտված ցուցակում այս թռիչքը պարզապես գոյություն չունի: Սենսացիա է փորձել առաջացնի Fip.am-ը ու նույնիսկ չի փորձել ուղղել»: Ինչ վերաբերում է մյուս հրապարակումներին, Վահագն Գրիգորյանն ասաց, որ այդտեղ ոչ մի տեղեկություն չկա, հարցնում են՝ սա ճի՞շտ է, պատասխանում է՝ սուտ է:

Սա ներկայացնելով՝ հայցվոր կողմը վստահեցրեց, որ որպես ապացույց ներկայացվում է ապատեղեկատվություն:

Պատասխանող կողմը նշեց, որ Fip.am-ի հոդվածը ներկայացվել է՝ գերակա հանրային շահը ցույց տալու համար:

Այնուհետեւ հայցվոր կողմն անդրադարձավ այն տեղեկությանը, ըստ որի «սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան»: Վահագն Գրիգորյանը «վիկիպեդիայից» տեղեկություն ներկայացրեց, որ Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայանը սպասարկում է բազմաթիվ այլ բնակավայրերի եւս. «Գերմանիայի տվյալ տարածաշրջանի քարտեզի թարգմանությունը կա, խոշոր պլանով ներկայացրել ենք, թվարկված են քաղաքների անունները»:

Նիստը հետաձգվեց:

Աղբյուրը՝ Առավոտ:

  • Կիսվել: