հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օգոստոսի դրությամբ ընտանիքում բռնության ենթարկված 80 անձ ստացել է 150-հազարական դրամ փոխհատուցում

Օգոստոսի դրությամբ ընտանիքում բռնության ենթարկված 80 անձ ստացել է 150-հազարական դրամ փոխհատուցում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում որոշեց լրացուցիչ 3 մլն դրամ հատկացնել «Ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցություն» միջոցառման իրականացման նպատակով, որը ենթադրում է միջինում՝ 30 անձի միանվագ դրամական աջակցություն տրամադրում:

Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ օրենքի համաձայն ԱՍՀ նախարարությունը ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրում է միանվագ դրամական աջակցություն, որի չափը կազմում է ոչ ավելի քան 150 հազար դրամ։

Ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով 2023-ի պետական բյուջեով հատկացվել է 10 մլն դրամ, սակայն հիմք ընդունելով առկա վիճակագրական տվյալները՝ հատկացված միջոցները չեն բավականացնելու մինչև տարվա ավարտը ներկայացված բոլոր դիմումների հիման վրա շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

Այդ 10 մլն դրամը հատկացվել է միջինում 100 ընտանիքում բռնության ենթարկված անձի դրամական աջակցություն տրամադրելու նպատակով։ Փաստացի 2023-ի օգոստոսի դրությամբ միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 80 շահառուի, պետական բյուջեից իրացվել է 7,5 մլն դրամ, ընթացքի մեջ է գտնվում 15 դիմում:

Հիմք ընդունելով 2022 թվականին ֆինանսական աջակցություն ստացած անձանց թվաքանակը (121 շահառու, 10,600.000 ՀՀ դրամ), ինչես նաև 2023 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով ներկայացված դիմումների քանակը՝ (միջինում 25-30), պարզ է դառնում, որ շահառուների դիմելիությամբ պայմանավորված առկա միջոցները բավարար չեն մինչև ընթացիկ տարվա ավարտը ներկայացվող դիմումներին սահմանված կարգով ընթացք տալու համար։

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց կտրամադրվի մինչև 150 հազ․դրամի չափով ֆինանսական աջակցություն հետեւյալ նպատակներով՝ կենսաապահովման կարիքների հոգում, բուժում կամ առողջության վերականգնում, բնակելի տարածքի վարձակալություն, վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցում։

  • Կիսվել: