ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվել

Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվել

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրյալներից Եղիշե Հակոբյանը հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, որ բազմիցս անգամներ է դատարանում ցուցմունք տվել, այսօր պատարստ է պատասխանել հարցերին։

Ի պատասխան հանրային մեղադրողի հարցերին, Ե. Հակոբյանն ասաց, որ դեպքի օրը 23.00-ից անձնակազմն արդեն քնած է եղել, շարժ չի նկատել։ 

«Երբ նկատել եմ, որ հանգում է վառարանը, դուրս եմ եկել, նախամուտքի մոտ Լևոնին ասել եմ, որ վառարանը հանգել է, փայտ բերեք։ Որոշ ժամանակ հետո դուրս եմ եկել, գնացել եմ պահեստ, հետո մտել եմ ճաշարան։ Երբ հետ եմ եկել, տեսել եմ, որ փայտն արդեն դրված է վառարանի մեջ։ Հանգել էր կրակը, քանի որ թաց էր եղել փայտը։ Լևոնից ճշտել եմ՝ կա՞ մի բան, որ կարող ենք վառարանը կպցել, ասել է՝ չգիտեմ։ Գնացել եմ պահեստ, որ ինչ-որ վառելանյութ գտնեմ ու փայտը կպցնեմ։ 

Մտել եմ ճաշարան, Ռադիկին հարցրել եմ՝ ինչով կարող եմ կպցել, բենզին կամ դիզվառելիք որտեղի՞ց կարող եմ վերցնել։ Ռադիկ Մաթևոսյանը նշել է, որտեղ կա։ Մութ էր, հեռախոսի լույսով գնացել ու գտել եմ, տեսել եմ պլաստմասե և երկաթյա տարաներով դրված է։ Այդ ցրտին ու մթին հնարավոր չէր, վառելիքը երկաթյա տարներից մեկից քաշեմ ու հանեմ, տեսել եմ պլաստամսե տարաներից որի մեջ է քիչ, վերցրել ու մտել եմ ներս։ 5 լիտրանոց էր, կիսով չափ էր լիքը։ Այդ պահին հարմար այլ բան չկար, որ լցնեի մեջը։ 

Մտել եմ ներս, այդ ընթացքում Ռադիկ Մաթևոսյանը, Լևոն Խառատյանը նույնպես ներս էին մտել։ Ընթացքում սուրճ ենք խմել։ Վառարանն արդեն հանգած էր, ես վերցրեցի՝ որպեսզի թեժացնեմ վառարանը։ Լցրեցի, վերևի կափարիչը փակեցի, զգացի ծուխ է դուրս գալիս, կափարիչը բացեցի, միանգամից բոցը տվեց դեմքիս, դեմքս այրվեց։ Այդ պահին շիշը ձեռքումս էր, ընկավ գետնին։ Հետ եմ քաշվել, երբ աչքերս բացել եմ, տեսել եմ, որ կրակը տարածվում է  դրսի մուտքի մոտ։ Տեսա, որ Լևոնն ու Ռադիկը ուզում են ոտքով հանգցնել»։ 

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։ 

  • Կիսվել: