երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ Չարենցավանի քաղաքային զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ Չարենցավանի քաղաքային զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել Չարենցավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի «Մշակույթ» ՀՈԱԿ-ից, ովքեր հայտնել են, որ Չարենցավան քաղաքի քաղաքային զբոսայգում կախված վիճակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված զբոսայգում երկաթյա կոնստրուկցիայի վրա ճոպանից կախված վիճակում հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձենռվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունն ու բնակության վայրը պարզելու համար։

  • Կիսվել: