երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ հարսանեկան արարողության մեկնելիս Nissan Tida-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ հարսանեկան արարողության մեկնելիս Nissan Tida-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրի փոսում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։

Տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են պարաններ և հատուկ տեխնիկա, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել կնոջ դին։ 

Օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։ 

Տեղում պարեկները տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վանիկ Վարդանյանի և Վլադիմիր Լազյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները կանայք են։ 

  • Կիսվել: