երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոչ մեկից վիրավորված չեմ, ամեն ինչի պատասխանը կտա ժամանակը․ Անդրանիկ Փիլոյան

Ոչ մեկից վիրավորված չեմ, ամեն ինչի պատասխանը կտա ժամանակը․ Անդրանիկ Փիլոյան

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փիլոյանը։

«Գործողություններ են կատարվում, եւ ամեն ինչի պատասխանն օրենքի սահմանում կտրվի։ Ես ինձ, իհարկե, մեղավոր չեմ ճանաչում։ Ոչ մեկից վիրավորված չեմ, ամենաարդար դատավորը ժամանակն է»,- ասաց Փիլոյանը։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, ըստ որի ինքը  պետք է զրկվի «Ազգային հերոս» կոչումից, Փիլոյանը նշեց․ «Ես իհարկե, համաձայն չեմ։ Ցավալի է, բայց մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, եւ ամեն մարդ իրավունք ունի կարծիք հայտնելու»։

Նախկին նախարարն անպատասխան թողեց Արցախի շրջափակման մասին հարցը․ «Ես ուղղակի զինվորական թոշակառու եմ, եւ իմ կարծիքը թող իմ մեջ մնա»։

Հիշեցնենք՝ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը եւ խորհրդականը, ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ:

Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։

  • Կիսվել: