Ո՞վ է նենգափոխում
Независимая газета-ն օրերս գրել էր, որ Սիրիայում թուրքամետ ռազմական խմբավորումներից մեկը 500 գրոհային է ուղարկել Ադրբեջան՝ ներգրավվելու Արցախի դեմ ,,բլից-կրիգին,,:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկատվությունը, բայց, երեւում է, հարցն ինչ-որ ձեւով շոշափվել է Մոսկվայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովի առնվազն կուլուարներում: Նման եզարակացության հիմք է հանդիսանում ռուս քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Կարավաեւի՝ հատուկ haqqin.az-ի համար հեղինակած հոդվածը: Այն կառուցված է ,, ղարաբաղյան հակամարտությունը միջազգայնացրել է հայկական կողմը,, քարոզչական կաղապարի վրա, որ խորհրդային հատուկ ծառայություններից փոխանցվել է Ադրբեջանին եւ շարունակում է խաղալ իր դերը:
Այն դեպքում, երբ ստույգ հայտնի է, որ 1991-94 թվականների պատերազմին հայկական սփյուռքից մասնակցել է ընդամենը 12 կամավորական, ադրբեջանական քարոզչությունն այսօր էլ շահարկում է ,,ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչների,, թեման: Դա այն դեպքում, երբ ստույգ արձանագրված, միջազգային հարաբերություններում տեղ գտած իրողություն է, որ 1993թ. Ադրբեջան է տեղափոխվել 2000 աֆղան մոջահեդ, որ մարտական գործողություններին ներգրավվել են հատկապես ռազմաճակատի հարավային ուղղությամբ: Ստույգ է նաեւ չեչենական զինված խմբավորումների եւ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության կապը: Փաստերով ապացուցված է նաեւ ղարաբաղյան առաջին պատերազմին թուրքական ,,Գորշ գայլեր,, խմբավորման մարտիկների մասնակցությունը: Ադրբեջանական կողմից այդ պատերազմին ներգրավվել են վարձկաններ նաեւ Ուկրաինայից: Հայտնի է, մասնավորապես, օդաչու Բելիչենկոն, որը պատիժ էր կրում Արցախում: Ուկրաինացի վարձկաններից մեկը նույնիսկ Ադրբեջանի ազգային հերոսի կոչման է արժանացել: Այս անառարկելի փասետրի ֆոնին հայկական կողմին մեղադրել ,,կոնֆլիկտը միջազգայնացնելու,, մեջ, նշանակում է քաղաքական պատվեր կատարել: Մնում է ճշտել՝ դա ռուսաստանյան ո՞ր շրջանակներին է ձեռնտու:
Ո՞վ է փորձում նենգափոխել Հայաստանում աշխարհազորի գաղափարը, այն ներկայացնել որպես ,,օտարերկրյա վարձկանների ներգրավումն օրինականացնելու փորձ,,՝ ինչպես ամփոփել է ռուս մեկնաբանը haqqin.az-ի պատվերով գրած հոդվածում: Ժամանակը չէ՞, որպեսզի հայկական կողմերը թարմացնեն հետաքրքրվող շրջանակների հիշողությունը եւ հրապարակայնացնեն ղարաբաղյան առաջին պատերազմին ադրբեջանական կողմից տարազգ վարձկանների ներգրավվածությունն ապացուցող փաստերը:



