երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Նոյակերտ գյուղի հանդեպ չունենք ժամային գրաֆիկի որևէ պարտավորություն. «Վեոլիա ջրի» արձագանքը

Նոյակերտ գյուղի հանդեպ չունենք ժամային գրաֆիկի որևէ պարտավորություն. «Վեոլիա ջրի» արձագանքը

Մամուլում տարածված Արարատի մարզի Նոյակերտ բնակավայրում խմելու ջրի հետ կապված հրապարակումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Նոյակերտ գյուղը հանդիսանում է ընկերության մեծածախ բաժանորդ, որի հանդեպ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չունի ժամային գրաֆիկի որևէ պարտավորություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Հաղորդագրությունում նաև նշվում է. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն գյուղին ջուր է մատակարարում ամեն օր՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչև 24.00-ն՝ օրական գյուղին ջուր մղելով վայրկյանում 5 լիտր ջուր: Այսինքն, օրական գյուղին մատակարարվում է 320 խմ ջրաքանակ:

Բաժանորդներին հորդորում ենք՝ գյուղի ներքին ցանցի հետ կապված խնդիրների դեպքում դիմել համայնքապետարան:

Տեղեկացնենք, որ Նոյակերտ գյուղի հետ Ընկերության հարաբերությունները կարգավորված է պայմանագրով, որի ամբողջ պահանջները համաձայնեցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և բողոքել, որ ջրի խնդիր ունեն։ Գյուղացիներն ասել են. «10-15 օր է՝ գյուղի 80 տոկոսը ունի խմելու ջրի խնդիր: Էնպիսի տուն չկա, որը պրոբլեմի առաջ հայտնված չլինի, ու մեղավորը առաջին հերթին «Վելոիա ջուրն» է, որն արհամարհած ունի մեր բազմաթիվ հեռախոսազանգերը և տևական ժամանակ է՝ չստացված ջրի դիմաց մեզնից գումար է գանձում։ Կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց ոչ մի դրական տեղաշարժ»։

  • Կիսվել: