ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Նորք-Մարաշ» Բ\Կ-ի ծառայությունների հիմքում ընկած է հիվանդակենտրոն քաղաքականությունը. Վրեժ Հովակիմյան

«Նորք-Մարաշ» Բ\Կ-ի ծառայությունների հիմքում ընկած է հիվանդակենտրոն քաղաքականությունը. Վրեժ Հովակիմյան

Infoport.am-ը «Առողջապահություն» խորագրի ներքո շարունակում է ներկայացել ՀՀ առաջատար սրտաբանական կլինիկայի` «Նորք-Մարաշ» Բ\Կ-ի առանձնահատկությունները, բազմապրոֆիլ ծառայությունները, հիվանդակենտրոն քաղաքականությունը եւ հաջողության գրավականի գաղտնիքները:

Այս անգամ զրուցել ենք ` «Նորք-Մարաշ» Բ\Կ-ի անոթային ծառայության ղեկավար, անոթային եւ ներանոթային վիրաբուժ ՎՐԵԺ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ հետ, ով զրույցի ընթացքում փորձեց պատասխանել անոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին հուզող հիմնական հարցերին, պարզաբանել տվյալ հիվանդությունների առանձնահատկությունները և բուժման արդիական մոտեցումները: 

-«Նորք-Մարաշ» բկ-ի անոթային ծառայությունը երիտասարդ ծառայություն է, բայց շատ խոստումնալից եւ արագ զարգացող: Ծառայությունը ղեկավարում եմ 2021թ-ի վերջերից, բաժանմունքում ունենք երկու անոթային բժիշկ, երկու անոթային ռեզիդենտ, «Դուպլեքս» հետազոտության մանագետներ, նյարդաբան եւ երկու էնդոկրինոլոգ: Անոթային պրոֆիլիը իրականում շատ լայն պրոֆիլ է, իր մեջ ներառում է գլխուղեղի եւ սրտի անոթներից բացի բոլոր մնացած անոթների պաթոլոգիաները: Մեզ դիմում են ինչպես մագիստրալ անոթների նեղացումներով եւ լայնացումներով, այնպես էլ երակային համակարգի խնդիրներով: Կատարում ենք ինչպես ներանոթային, այնպես էլ բաց եղանականերով միջամտություններ:

-Բժիշկ, որո՞նք են այն առաջին նախանշանները, ազդակները, որոնք ահազանգում են նոր սկսվող կամ արդեն ընթացող պաթոլոգիաների մասին:

-Անոթային պրոֆիլի հիվանդությունները ինչպես ասացի բազմազան եւ, եթե հակիրճ ասենք, ապա հիվանդները պետք է անհանգստանան եւ դիմեն անոթային վիրաբույժի որովայնում պուլսացվող գոյացության առկայության դեպքում, եթե խոսքը գնում է պարանոցի անոթների հիվանդությունների մասին, ապա պետք է ուշադրություն դարձնել գլխապտույտների, գիտակցության կորուստների, տարած ինսուլտներին:

Զբաղվում ենք նաեւ երիկամաները սնուցող անոթների եւ ստամոքսաղիքային տրակտը սնուցող անոթներով: Այսինքն հիվանդները կարող են դիմել նաեւ, երբ ունեն բարձր, չվերահսկվող զարկերակային ճնշում, որը կապված է երիկամային զարկերակների հետ, քաշի կորուստի դեպքում, ինչը կարող է պայմանավորված լինել տվյալ օրգանները սնուցող անոթների նեղացման հետ, դիմում են, երբ ունեն ցավեր ստորին վերջույթներում, արտահայտված երակներ, գիշերային ջղաձգումներ:

-Ձեր նշած պաթոլոգիաներից քանի՞սն ունեն ժառանգական ֆակտոր:

-Տեսեք, զարկերակային խնդիրների հիմնական խումբը պայմանավորված է աթերոսկլերոզով, իսկ մենք գիտենք, որ աթերոսկլերոզի հիմնական ռիսկի գործոններից մեկը նաեւ ժառանգականությունն է: Այսպիսով անոթային գրեթե բոլոր հիվանդություները ունեն ժառանգական նախատրամադրվածություն: Մասնավորապես, անոթների լայնացումների շուրջ 15 տոկոսը ժառանգական նախատրամադրվածության հետեւանք է, վարիկոզ հիվաննդության դեպքում եւս, այսպես ասած, առաջին հորիզոնականում ժառանգական նախատրամադրվածությունն է:

-Բժիշկ, խոսենք նաեւ «Նորք-Մարաշ» Բ/Կ-ի առանձնահատկությունների մասին, ինչո՞ւ դիմել հենց այս կենտրոն:

-Եկեք, նախ սկսենք նրանից, թե ինչու դիմել անոթային վիրաբույժի: Իհարկե, մենք շատ կարճ խոսեցինք անոթային պաթոլոգիաների մասին, բայց շատ ավելի հեշտ է կանխարգելել անոթային բարդությունները, քան առնչվել այդ բարդությունների հետ: Որովհետեւ երբեմն հիվանդները դիմում են շատ ուշ, ինչի արդյունքում ունենում ենք նաեւ անդառնալի հետեւանքներ` վերջույթների կորուստ, ինսուլտներ: Այսինքն հիվանդները, որոնք ունենում են իմ նշած գանգատներից որեւէ մեկը ցանկալի է թեկուզ պրոֆիլակտիկ այց կատարեն անոթային վիրաբույժին եւ հիվանդության առկայության դեպքում կատարվի պրոֆիլակտիկ բուժում, որպեսզի գործը չհասնի բարդությունների:

Ինչո՞ւ դիմել հենց «Նորք-Մարաշ» Բ\Կ,  որովհետեւ մեր կենտրոնը ողջ տարածաշրջանում հայտնի է իր  մոտեցումներով եւ այդ մոտեցման հիմնաքարը, այսպես ասած, հիվանդակենտրոնությունն է: Այսինքն ամեն ինչի կիզակետում հիվանդի բարօրրությունն է, մնացած բոլոր հարցերը բխում են հենց այս մոտեցումից: Այսինքն մեր կենտրոնը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր առանձին հիվանդի, ոչ թե ընդհանրական է մոտենում զուտ հիվանդության բուժմանը: Այս ամենի հիմքում դրված են Ազգային հերոս Հրայր Հովակիմյանի մոտեցումները, եւ «Նորք-Մարաշ» Բ\Կ-ն, որպես սրտի կենտրոն տարիներ շարունակ ապացուցել է այդ մոտեցումների հիմնարար լինելը: Անոթային ծառայությունը եւս իր վրա է վերցրել այդ բարձր պատասխանատվությունը: Մեզ մոտ առաջնահերթ է թիմային գաղափարը` սկսած մայրապետներից մինչեւ կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը բոլորս նույն պատասխանատվությամբ կանգնած ենք մեր հիվանդների կողքին:

-Ասում են ցանկացած թիմային աշխատանքի հիմքում կանգնած է լավ ղեկավարի ներդրումը:

-Մեզ մոտ ղեկավար հասկացողությունն էլ այլ կլինիկաներից տարբերվում է, որովհետեւ բժիշկ Միքայել Ադամյանը բացի մեր ղեկավարը լինելուց նաեւ մեր մեր լավ խորհրդատուն է, մեր ընկերն է: Վստահ եմ այս խոսքերս կփաստեն Ձեր հարցազրույցը կարդացողները, նրանք,  ովքեր գոնե մեկ անգամ շփվել են բժիշկ Ադամյանի հետ: Բժիշկ Ադամյանը մշտապես կանգնած է իր անձնակազմի կողքին, իր կառավարման մասնագիտական ունակությունների մասին է վկայում նաեւ կենտրոնի` վերջին մի քանի տարիների աճը:

P.S. Ի դեպ` բժիշկ Հովակիմյանը 44-օրյա պատերազմի ժամանակ սրտի կանչով մեկնել է Արցախ և իր ծառայությունները մատուցել ամենա վտանգավոր պայմաններում: Հարցազրույցի ժամանակ նա այդ մասին նույնիսկ չակնարկեց: Այդ մասին մենք իմացանք հարցազրույցը հրապարակելուց հետո միայն, երբ մեր արցախցի ընթերցողները, տեղադրելով այն սոցկայքերի իրենց էջերում, շնորհակալություն էին հայտնում հայրենասեր բժշկին:
 
Ստորև տեղադրում ենք այդ գրառումներից մի հատված արցախցի օգտատեր Նունե Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից.
 
«Մեր հայրենասեր բժիշկ - Վրեժ Արթուրի Հովհակիմյանը ով կամավոր ներկայացավ իր նախկին ծառայության վայրը՝ ծառայում էր Արցախում զինվորական հոսպիտալում, և 44-օրյա պատերազմի ժամանակ , երբ ռմբակոծոմ էին հոսպիտալները և հիվանդանոցները, փրկեց հարուրավոր մարդկանց կյանքեր : Մեր հերոս - Վրեժ Արթուրի!»
 
 
 

  • Կիսվել: