հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նորմալ եմ վերաբերվում դժգոհություններին, ատեստավորման գործընթացը նոր է, ուսուցիչներն ամեն տարվա հետ կտեսնեն, որ իրենց բոլոր մտահոգություններն անհիմն են․ ԿԳՄՍ նախարար

Նորմալ եմ վերաբերվում դժգոհություններին, ատեստավորման գործընթացը նոր է, ուսուցիչներն ամեն տարվա հետ կտեսնեն, որ իրենց բոլոր մտահոգություններն անհիմն են․ ԿԳՄՍ նախարար

Բոլոր հարցերը բացառապես ծրագրային են, ծրագրերի շրջանակում են։ Ինչ վերաբերում է  թեստային առաջադրանքների որակին՝ մենք դրանք ամեն անգամվա հետ բարելավում ենք և շատ ուշադիր նայում  ենք բողոքարկումներին, թե ինչ խնդիրներ են բարձրաձայնվում, սա շարունակական աշխատանք է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այնպես արձագանքեց լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ատեստավորման գործընթացի հետ կապված որոշ ուսուցիչների բողոքները, օրինակ՝ հարցերի, թեստային առաջադրանքների վերաբերյալ․

«Այս պահին էլ յուրաքանչյուր առարկայի գծով առաջադրանքների մեծ շտեմարան ենք պատրաստում, որպեսզի ուսուցիչները կարողանան այդ մեծ շտեմարաններից նաև առաջադրանքներին ծանոթանալ:

Նորմալ եմ վերաբերվում դժգոհություններին, ատեստավորման գործընթացը նոր է, բոլորս պետք է կարողանանք մեր մոտեցումները ձևակերպել, հարմարվել այդ նոր  իրավիճակին։ Մեր ուսուցիչներն էլ, կարծում եմ, ամեն տարվա հետ կտեսնեն, որ դրա մասով իրենց բոլոր մտահոգություններն անհիմն են՝ թե օբյեկտիվության, թե վարձատրության իրական բարձրացման վերաբերյալ։ Մասնակիցների 50 տոկոս և ավելի վարձատրությունը բարձրանում է, այսինքն՝ սա հեշտ հաղթահարելի է, այնպես չէ, որ հաղթահարելի չէ ատեստավորումը»,- նշեց Անդրեասյանը։ 

«Կանոնավոր ատեստավորման արդյունքում ունենք 1565 ուսուցիչներ, որոնք ունեն աշխատավարձի բարձրացում և հավելավճար, նրանց շուրջ 30 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, ատեստավորման արդյունքում ունենք շուրջ 30 ուսուցիչներ, որոնք 400  հազար դրամ և ավելի  են ստանում՝ հարկերը ներառյալ»,- հայտնեց նախարարը։ 

  • Կիսվել: