չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Նորից հանդիպեցի Մինասին». Տիգրան Մանսուրյանն այցելել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

«Նորից հանդիպեցի Մինասին». Տիգրան Մանսուրյանն այցելել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

Հունիսի 16-ին Մինաս Ավետիսյանի ծննդավայր՝ Ջաջուռ,  և նկարչի տուն֊թանգարան էր այցելել մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոյին ուղեկցող հյուրերի թվում է եղել  նաև Մինաս Ավետիսյանի մտերիմ ընկեր գրականագետ Յուրի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք Մինաս-Ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։

 Հյուրերը շրջել են թանգարանում` դիտելով մշտական ցուցադրությունը։  Շրջայցի ընթացքում, ինչպես նաև թանգարանի բակում Տիգրան Մանսուրյանը և Յուրի Խաչատրյանը կիսվել են  իրենց  հուշերով`  բազմաթիվ հետաքրքիր և հուզիչ դրվագներ պատմելով  Մինասի հետ իրենց ապրած օրերի մասին։

«Նորից հանդիպեցի Մինասին՝ զրնգուն Հայաստանի մեծ քնարերգուին՝ մեծանուն Հայորդուն,  այս անգամ իր հայրենի Ջաջուռի  աննման տուն-թանգարանում։ Խորապես գնահատելի է մշակութային  այս օջախի գոյությունը,  նույնքան հիացումի արժանի է մեծ նկարչի  տունը պահպանող աշխատակիցների նվիրվածությունը Մինասի անվանն ու ստեղծած կտավներին»,- գրել է մաեստրոն թանգարանի հուշամատյանում։

 Այցը Ջաջուռ ամփոփվել է Մինաս Ավետիսյանի հայրական տուն այցով։

  • Կիսվել: