երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ՆԳ նախարարից ստացել է ավելի քան 464 հազար դրամ արժողությամբ երկու արարողակարգային նվեր

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ՆԳ նախարարից ստացել է ավելի քան 464 հազար դրամ արժողությամբ երկու արարողակարգային նվեր

ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) պաշտոնական կայքից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի հունիսին Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիից ստացել է երկու արարողակարգային նվեր, որոնց ընդհանուր գնահատված արժեքը կազմում է 464 հազար 59 դրամ։

ԿԿՀ կայքում հրապարակված նվերների հաշվառման ձևաթղթերի համաձայն՝ երկու ձևաթղթերն էլ ներկայացվել են 2026 թվականի հուլիսի 8-ին։

Առաջին նվերը Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմն է։ Նկարագրության համաձայն՝ գրքի կազմը պատրաստված է պղնձից, որը պատված է 998 հարգի արծաթով՝ 0,03 մմ հաստությամբ, այնուհետև՝ 999.9 հարգի ոսկով՝ 0,03 մմ հաստությամբ։ Նվերի արժեքը վարչապետի կողմից գնահատվել է 113 հազար 100 դրամ։

Երկրորդ նվերը վրացի արվեստագետ Ցիալա Ցալկալամանիձեի կլուազոնե տեխնիկայով պատրաստված էմալապատ նկարն է, որի գնահատված արժեքը կազմել է 350 հազար 959 դրամ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երկու նվերներն էլ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2026 թվականի հունիսին, երբ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։
ԿԿՀ հրապարակած ձևաթղթերում նշվում է, որ երկու նվերներն էլ դասակարգվել են որպես օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերներ։

ArmLur.am-ը շարունակում է հետևել ԿԿՀ հրապարակումներին և ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերում ու նվերների հաշվառման ձևաթղթերում տեղ գտած նոր տվյալները։

  • Կիսվել: