կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ուժեղացված ռեժիմով հերթապահում են հանրապետության ավտոճանապարհներին

ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ուժեղացված ռեժիմով հերթապահում են հանրապետության ավտոճանապարհներին

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով մարտի 18-ից Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի հատվածներում մարդկանց անվտանգությունը և ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր, իսկ խնդրահարույց հատվածներում սահմանվել են հերթապահություններ։

Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների կողմից շուրջօրյա հերթապահություններ են իրականացվում Երևան-Մեղրի 161-րդ կմ-ին՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորայք և Աղվանի բնակավայրերի մոտակայքում։ Նշված տարածքներում տեղակայված առաջնային օգնության հենակետերում, ըստ անհրաժեշտության, քաղաքացիներին պատշաճ օգնություն է ցուցաբերվում։

Մարտի 18-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան և ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևանում, Մարտունի, Սևան, Դիլիջան, Ջերմուկ, Հրազդան քաղաքներում, Կոտայքի մարզի Գետարգել, Քանաքեռավան, Ջրվեժ, Քաղսի, Զովունի, Լեռնանիստ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Ներքին Գետաշեն, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Շիրակի մարզի Հարթաշեն, Արարատի մարզի Շաղափ, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Վերին Խոտանան գյուղերում, Քեթի-Փոքրաշեն, Ջերմուկ-Գնդեվազ, Ջիլ-Արտանիշ, Ապարան-Երևան, Քուչակ-Եղիպատրուշ, Մարտունի-Գավառ, Գավառ-Սևան, Եղվարդ-Զովունի, Ջրաբեր-Ֆանտան, Հրազդան-Հանքավան, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Սարավան-«Զանգեր», Կապան-Գորիս, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում:

Ահազանգերով դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 171 տրանսպորտային միջոց և 463 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Նշված հատվածներում աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: