ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ներկայացվել է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականը

Ներկայացվել է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականը

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ է տրվել Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկերներին և անդրադարձ կատարել ծրագրի արդյունքների կարևորությանն ու առկա մարտահրավերներին․

«Մենք ունենք բավարար կամք և ցանկություն՝ դիմակայելու այդ խոչընդոտներին, և պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը»,-ասել է նա։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսն իր խոսքում նշել է․

«ԵՄ-ՀՀ համատեղ ջանքերը կարևոր գործոն են EU4Sevan ծրագրի գործունեության հաջողության համար, քանի որևէ դերակատար կամ կազմակերպություն անհատապես չի կարող լուծել Սևանա լճի խնդիրները: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության ուղղությամբ համակարգային մոտեցում է պահանջվում: ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նախաձեռնությունը և Սևանա լճի վերաբերյալ տեսլականի հետ սիներգիաները կարող են ծառայել որպես հիմք՝ երկարաժամկետ և հետևողական ազգային մոտեցում որդեգրելու համար»։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ողջույնի խոսքում ընդգծել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգման կարևորությունը։

«Սևանն այսօր բախվել է բազմաթիվ բնապահպանական խնդիրների, և էկոհամակարգի վերակագնումը հրատապ ու կարևոր է՝ հաշվի առնելով երկրի համար դրա ռազմավարական նշանակությունը։ Տեսլականի ընդունումն ու ռազմավարության մշակումը հիմք կհանդիսանան գործնական գործողությունների համար՝ հասնելու Սևանա լճի ազգային տեսլականին և ծրագրի կողմից ձեռք բերված արդյունքների կայունությանը: Թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, Եվրոպական միությանը, և ԳՄԸՀ-ին ձևավորված համագործակցության համար»,- ընդգծել է նա։

Միջոցառման ընթացքում «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» (ADWISE Consulting) ընկերության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի մշակման ընթացքում կատարված աշխատանքն ու մի շարք փուլերով անցած մասնակցային գործընթացի արդյունքում ձևավորված արդյունքները։ Ներկայացմանը հաջորդել է պանելային ձևաչափով քննարկում, որն անդրադարձել է տեսլականի անհրաժեշտությանը և դրանից բխող օգուտներին։

Սևանա լճի 2050 թվականի ազգային տեսլականի կարևորությունն ակնառու է Սևանա լճի պահպանության և էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից՝ հաշվի առնելով լճի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Տեսլականը հիմք կհանդիսանա երկարաժամկետ կտրվածքով միասնական ազգային մոտեցմամբ լճի և նրա ջրահավաք ավազանի կայուն զարգացման ապահովման նպատակային գործընթացների համար:

Այնուհետև «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» (CIVITTA) ընկերության կողմից ներկայացվել են Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացի մեկնարկն ու առաջիկայում նախատեսվող գործողությունները: Ներկայացվել են գործողությունների շրջանակը և ժամկետները, համապատասխան մեթոդական մոտեցումները, որոնք կիրառվելու են աշխատանքների ընթացքում, ակնկալվող արդյունքները։ Ներկայացմանը հաջորդել է քննարկում շահագրգիռ կողմերի հետ:

  • Կիսվել: