ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ներառական կրթության ոլորտում կսահմանվի ծնողական խմբեր ստեղծելու իրավունք. նախագիծ

Ներառական կրթության ոլորտում կսահմանվի ծնողական խմբեր ստեղծելու իրավունք. նախագիծ

««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության իրականացմանը: Այս մասին սեպտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում ասել է նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Ըստ հիմնական զեկուցող՝ ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, ինչը, ըստ նրա, ենթադրում է ոչ միայն կրթական ծրագրերի, մեթոդաբանության առկայություն, այլ նաեւ այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ ապահովված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիությունը, հավասար մասնակցության հնարավորությունը եւ այլն:

Նշվել է, որ ներառական կրթությունը ենթադրում է ոչ միայն այս ամբողջ ուսումնական գործընթացի իրականացում, այլեւ ծնողների հետ սերտ համագործակցություն: Ըստ նրա՝ այն երկրներում, որտեղ կայացել եւ հաջողել է ներառական կրթությունը, շատ ակտիվ են ծնողական խմբերը:

Այս փորձը կա նաեւ Հայաստանում, որտեղ գործում են բազմաթիվ ծնողական խմբեր, որոնք աջակցում են երեխայի կրթական գործընթացին:

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ քանի որ այս գործընթացները սահմանված չեն օրենքով, հեղինակն առաջարկել է համապատասխան փոփոխություններն իրականացնել՝ վերանայելու մանկավարժների եւ սովորողների ծնողների իրավունքներն ու պարտականությունները: Մասնավորապես, առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացում խթանելուն, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում եւ խտրականությունից զերծ միջավայր ապահովելուն պարտավորություն: Բացի այդ՝ կսահմանվի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը, երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության համար:

Առաջարկվում է նաեւ սահմանել սովորողի ծնողի պարտականություններում ամրագրել երեխայի անհատական ուսուցման ծրագրի իրականացմանը մասնակցելը, ինչպես նաեւ դասապատրաստմանն աջակցելը եւ հարգալից վերաբերմունք դաստիարակելը մարդու եւ պետության նկատմամբ:

«Նախագիծը եւս մեկ կարեւոր խթան է հանդիսանալու ծնողական խմբերի գործունեության համար»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

 

Նշվել է նաեւ, որ Կառավարության գործընկերների հետ քննարկվել է դրամաշնորհային ծրագրերում ծնողական խմբերի գործունեությունը նկատի ունենալու հանգամանքը, որպեսզի դա լինի տրամաբանական շարունակությունը:

Զարուհի Բաթոյանը փաստել է, որ օրենքի նախագիծը բխում է ՀՀ կրթության ռազմավարությունից:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը հարակից ելույթում տեղեկացրել է, որ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք արդեն ներառված են օրենքի նախագծում: Կարեւորելով նախագծի ընդունումը՝ նախարարը փաստել է, որ այն առավելապես արժեքային շեշտադրումներ է պարունակում:

Ժաննա Անդրեասյանը նաեւ նշել է, որ սեպտեմբերից գործում է ներառականության ֆինանսավորման նոր համակարգ, որն էապես կբարելավի ներկա իրավիճակը: Ըստ նրա՝ օրենքի նախագիծն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ ոլորտում իրականացրած քաղաքականությանը:

  • Կիսվել: