հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵՄ SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵՄ SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ԵՄ SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ Ստատիս Տրայանտաֆիլոուին և Սոֆյա Կուկուվինուին։ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ SOCIEUX + բաղադրիչի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հարցում Հայաստանին փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Նախարարն ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման կարևորությունն՝ այս համատեքստում բարեփոխումների շարժիչ ուժ որակելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից օրենքների փաթեթի ընդունումը։

«Նախարարության առաջնահերթություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք կարևորում ենք նաև արդյունավետ քայլերի ձեռնարկումը վերջիններիս նկատմամբ խտրական դրսևորումների վերացման և գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների հասցեական մատուցման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Ստատիս Տրայանտաֆիլոուն անդրադարձել է SOCIEUX+ բաղադրիչի շրջանակում իրականացված աշխատանքներին՝ ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների տրամադրման, մասնագետների վերապատրաստման, մոնիթորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների կարևորությանը։

«Ծրագրի առաջին փուլում ուսումնասիրվել են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների իրավական հիմքերը, միջազգային և ներպետական իրավական ակտերը, ինչպես նաև առցանց ձևաչափով հանդիպումներ են կազմակերպվել հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող ու վերջիններիս ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս այցի ընթացքում նույնպես պլանավորվում են նմանատիպ հանդիպումներ հարբժշկական ծառայությունների ոլորտն ավելի համապարփակ դիտարկելու ուղղությամբ»,- նշել է Ստատիս Տրայանտաֆիլոուն։

«SOCIEUX» բաղադրիչի փորձագետը հույս է հայտնել, որ ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքները կշարունակեն նույնքան սահուն ընթացք ունենալ։

  • Կիսվել: