երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանն ու Հնդկաստանի դեսպանն ընդգծել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակման կարևորությունը

Նարեկ Մկրտչյանն ու Հնդկաստանի դեսպանն ընդգծել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակման կարևորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հայտնում են ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում դիտարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, քննարկվել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ աշխատանքային միգրացիայի, աշխատողների առողջության պահպանման ու աշխատավայրի անվտանգության, ինչպես նաև երեխաներին մատուցվող ծառայությունների բարելավման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և այլ ուղղություններով։

Անդրադառնալով ոլորտային համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը դրական է գնահատել Նյու Դելիում կայացած Raisina Dialogue միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը, որի շրջանակում քննարկվել են հեռավար ձևաչափով աշխատողների համար ոլորտում առկա ոչ լիարժեք կարգավորումներին, անհատական պայմանագրերով արտերկրում գրանցված ընկերություններում աշխատող անձանց աշխատանքային իրավահարաբերություններին, դրանցից ծագող խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Նախարարն արդյունավետ է որակել նաև «Օբզերվեր» հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարանի հետ փոխըմբռնման հուշագրի կնքումը՝ Հայաստանում և Հնդկաստանում մարդկային կապիտալի զարգացման ու սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ հուշագրի կնքումը նպատակ ունի մշակել և իրականացնել ծրագրեր սոցիալական պաշտպանության, ժողովրդագրության, գենդերային քաղաքականության և զբաղվածության ոլորտներում երկուստեք սահմանված առաջնահերթությունների և ռազմավարական խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Դեսպան Նիլակշի Սահա Սինհային շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտային ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության փոխանցման համար և պատրաստակամություն հայտնել ևս անհրաժեշտ ջանքեր ներդնել սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ուղղությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: