ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը

Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի եւ հաստիքների թվով պայմանավորված՝ մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով առաջարկվում է հստակեցնել նաեւ պարտադիր վերապատրաստման՝ հինգ տարին մեկ լինելու հանգամանքը: Նախատեսվում է նաեւ հավասար պայմաններ ստեղծել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնավարման հարցում: Իրականացված վերլուծության համաձայն տնօրենների շուրջ 65 տոկոսը պաշտոնավարում է անորոշ ժամկետով կնքված  պայմանագրերի հիման վրա, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում:

Առաջարկվում է նաեւ հանել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Լրամշակման նպատակով մինչեւ երկու ամսով հետաձգվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Թագուհի Ղազարյանի հեղինակած ««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

  • Կիսվել: