երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Վարդազարյանը` Ջհանգիրյանի մասին

Նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Վարդազարյանը` Ջհանգիրյանի մասին

Ջհանգիրյանի պաշտոնավարման վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ մինչև նրա ընտրվելը։ Կարծում եմ, որ նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, Դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի աշխատանքը։

Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում կան հրապարակումներ, որ Ջհամգիրյանը կարողացել է որոշ դատավորների «իրենով» անել և այժմ էլ պատրաստվում է հրաժարվել պաշտոնից, Վարդազարյանը պատասխանեց.

«Եթե նա կարողացել է դատավորներին իրենով անել, ապա դա ոչ թե իր, այլ դատավորների մեղքն է։ Եթե այդքան շուտ և հեշտ կարող էին կոտրվել, ապա երևի թե այդ մարդիկ արժանի չէին դատավորի բարձր կոչմանը»։

ԲԴԽ՝ իր վերադարձը Ռուբեն Վարդազարյանը համարեց անհնար, մինչև իր նկատմամբ հարուցված քրեական գործը չավարտվի։

Նա ասաց, թե վերջին օրենսդրական փոփոխությունների ներքո ԲԴԽ-ն դարձել է քաղաքական կամ կիսաքաղաքական մարմին։

«Վճռաբեկ դատարանի որոշ դատավորներ նույնպես կիսաքաղաքականացված են, մնացել է այս հարթակը, որը դատավորների իրավունքներով զբաղվող միակ գործուն միջոցն է», - ասաց Ռուբեն Վարդազարյանը։

  • Կիսվել: