շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մրցույթ, խոհանոց, երգ ու պար. Սյունիքում կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը

Մրցույթ, խոհանոց, երգ ու պար. Սյունիքում կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը

Երեք տարվա դադարից հետո այս տարի կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը: Հրավիրված ասուլիսում Ոչխարների խուզման փառատոնի համակարգող Ալլա Ղազարյանը նշեց, որ փառատոնն անցկացվելու է հունիսի 10-ին՝ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում: Այն անցկացնում է «Դը Ռանչ» ընկերությունը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ: Այս տարի փառատոնին աջակցում է Զբոսաշրջության կոմիտեն:

«Նման փառատոնների կազմակերպումը մարզերում շատ կարևոր է տուրիստական պրոդուկտները դիվերսիֆիկացնելու, մարզերում զբոսաշրջային հոսքերն ապահովելու համար: Մեր նպատակն է նաև տեսանելի և ճանաչելի դարձնել Սյունիքի մարզի տեղական մշակույթը, ավանդույթները, տեղական արտադրանքը, ինչպես նաև մարզի բնակիչներին հնարավորություն ընձեռել որոշակի եկամուտ ձևավորելու համար»,-ասաց Ալլա Ղազարյանը:  

Այս տարի փառատոնն ունենալու է շատ հետաքրքիր օրակարգ, նախատեսված են բազմաթիվ անակնկալներ: Փառատոնի ծրագիրն ընդգրկելու է ոչխարներին ձեռքով խուզման ավանդական դարձած մրցույթը: Նախատեսված է «Լավ Էլի» խմբի համերգը, կլինի «Տերյան» մշակութային կենտրոնի հայկական տարազների ցուցադրություն, «բրդից մինչև կարպետ» գործընթացի ներկայացում, ցուցահանդես-տոնավաճառ, մրցույթներ և այլն:

«Այս տարի այցելուների մեծ հոսք ենք ակնկալում, հատկապես Հայաստանում գտնվող ռուսական համայնքի շրջանում մեծ հետաքրքրություն կա: Ռուսական համայնքից պարբերաբար հարցումներ ու զանգեր ենք ստանում այն մասին, թե երբ է անցկացվելու փառատոնը, ինչ ձևաչափով»,-ասաց Ալլա Ղազարյանն՝ ավելացնելով, որ փառատոնով նաև հետաքրքրված են ներքին տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները, որոնք այն ներառում են իրենց փաթեթներում: 

  • Կիսվել: