Մոսկվայի դատարանը «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել
Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել ՛՛Գոլոս՛՛ շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին, որը ճանաչվել է ՛՛օտարերկրյա գործակալ՛՛, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ համապատասխան միջնորդությամբ դատարան էր դիմել Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Դատավոր Նատալյա Դուդարը մերժեց տնային կալանք սահմանելու կամ այլ սահմանափակումներ կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
Նախօրեին իրավապահները զանգվածային խուզարկություններ էին կատարել Մելքոնյանցի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում ՛՛Գոլոս՛՛-ի ակտիվիստների բնակարաններում ու գրասենյակներում։ Հարցաքննության նպատակով Մելքոնյանցին տարել էին Քննչական կոմիտե։
Մելքոնյանցը մեղադրվում է Ռուսաստանում ՛՛ոչ ցանկալի՛՛ համարվող կազմակերպության աշխատանքը կազմակերպելու համար։ Այդ հոդվածով նրան 6 տարի ազատազրկում է սպառնում։
Ինչպես հայտնի է՝ ՛՛Գոլոս՛՛ շարժումը ըտրություններ դիտարկող, ընտրողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություն է։
Նա մեղադրանքը չի ընդունում, քանի որ 2021-ից ՛՛Գոլոսը՛՛ դադարեցրել էր մասնակցությունը ՛՛Ընտրությունների դիտարկում կազմակեպելու եվրոպական ցանցին՛՛ անմիջապես այն բանից հետո, երբ այդ կազմակերպությունը Ռուսաստանում ՛՛անցանկալի՛՛ ճանաչվեց։