շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով։ Դզնունին համարվում է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը և Համո Բեկնազարյանի հետ միասին՝ իր անմնացորդ նվիրումով նպաստել է հայկական կինոյի կայացմանը:

Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը և այլք։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հայ կինոյի երախտավորներին հարգանքի տուրք մատուցելու այս գեղեցիկ ավանդույթը։

««Ոսկե ծիրան» կինոփառատոնի ամենակարևոր իրադարձություններից մեկը, թերևս, հայ կինոյի երախտավորներին նվիրված աստղերի բացումն է, որը լրացուցիչ հարգանքի տուրք է այն գործին, ժառանգությանն ու փորձին, որը բոլորս պետք է շարունակենք կիսել, տարածել և զարգացնել։ Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն՝ հիշելու Դանիել Դզնունուն, գնահատելու նրա ավանդը հայ կինոյի պատմության մեջ, որովհետև մեկ բան է այդ մասին խոսելը, մեկ այլ բան է պատկերացնելը, թե ինչպես է ցեղասպանությունից, պատերազմից հետո այդ բարդ ժամանակներում մարդկանց մտքով անցել զարգացնել կինոն ու կինոարտադրություն սկսել․․․ այն ժամանակներում, երբ խանգարող հանգամանքները շատ էին։

Այսօր էլ հեշտ ժամանակներ չենք ապրում և «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնն անցկացնում ենք բազմաթիվ անորոշությունների, անհանգստությունների և մարտահրավերների շրջանում։ Կարծում եմ, որ կարիք ունենք հետ նայելու և տեսնելու, թե ինչպես են Դանիել Դզնունին և մեր մյուս երախտավորներն այդ դժվարին օրերին առաջ տարել զարգացման օրակարգը։ Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք․ դա կօգնի մեզ այսօրվա դժվարությունները ևս հաղթահարել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով կինոփառատոնի կայացման առթիվ, ընդգծել է` արդեն կարող ենք մտածել 21-րդ կինոփառատոնի մասին, որտեղ առաջ գնալու և արդեն իսկ արվածը զարգացնելու հնարավորություններ են բացվում։

Կինոգետ Դավիթ Մուրադյանը, անդրադառնալով Դանիել Դզնունու վաստակին, փաստել է՝ կյանքը հաճախ անարդար է գտնվել ազգային կինոյի հիմնադիրներից մեկի նկատմամբ․ «Դանիել Դզնունին հայ կինոյի պատմության մեջ անգնահատելի ավանդ ու անջնջելի վաստակ ունի․ այսօր դրա պատասխանն այս աստղն է, որը միանգամայն արժանի է այդ անունին։ Դանիել Դզնունին այն արվեստագետներից էր, որը երբեք չի ընկրկել դժվարությունների առջև»։

«Ոսկե ծիրանն» այսoր ավարտում է իր հոբելյանական՝ 20-րդ փառատոնի աշխատանքը: Ամփոփելով կինոփառատոնը՝ Հարություն Խաչատրյանն ընդգծում է՝ այն Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու ևս մեկ հարթակ էր։

  • Կիսվել: