հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մնացածն էլ են գալու. Պապոյանը՝ հայ գերիների վերադարձի գործընթացի մասին

Մնացածն էլ են գալու. Պապոյանը՝ հայ գերիների վերադարձի գործընթացի մասին

ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը չի տիրապետում տեղեկատվության, թե 32 գերիների վերադարձի մասով գործընթացն ինչ փուլում է: Այդ մասին նա խոսեց այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե 32 գերիներին վերադարձնելու մասով լուր կա՞:

Գևորգ Պապոյանը նաև ընդգծեց, որ այդ մասով որևէ ժամկետ հստակ նշված չի եղել, միայն ենթադրեց, որ նույն պահին կլինի գործընթացը, այսինքն՝ 32 հայ գերիները կգան, 2-ը՝ կգնան:

Հարցին՝ բացառվո՞ւմ է, որ պաշտոնական Բաքուն հետ կանգնի 32 գերիներին վերադարձնելու դիրքորոշումից և նոր նախապայմաններ ներկայացնի, Պապոյանը պատասխանեց. «Մենք ասում ենք՝ գնում ենք ինչ-որ գործընթացի, ոչինչ չի կարելի բացառել երբեք, բայց եթե մենք գնում ենք գործընթացի, այդ գործընթացի վերջում 32-ը չեն, մնացածն էլ են գալու: Այսպես է լինելու:

Հիմա դժվա՞ր է լինելու որոշ մարդկանց համար, հե՞շտ է լինելու իրականությունն ընդունել, բայց խաղաղության վերջնակետը լինելու է դեմարկացիան, դելիմիտացան, սահմաններին ոչ թե զինվորների ու խրամատների, այլ սահմանապահների առկայությունը, փոխադարձ կապերի վերականգնումը և այլն, և այլն: Այս ամեն ինչը եթե չեղավ, խաղաղությունը չի լինելու»:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացրել են, որ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:

  • Կիսվել: