երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
 Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում դրական զարգացումներ եմ տեսնում․ Գևորգ Պապոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում դրական զարգացումներ եմ տեսնում․ Գևորգ Պապոյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դրական զարգացումներ է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարծում է, որ երկու երկրները կստորագրեն խաղաղության պայմանագիր: 

Պապոյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Այն գործընթացը, որ հիմա կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինձ մոտ տպավորություն է թողնում դրական իմաստով, որ մենք, այնուամենայնիվ, գնում ենք դրան ու ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր»,-ասաց Պապոյանը:

Պայմանագրի ստորագրման ժամկետների հետ կապված Պապոյանը չցանկացավ որևէ բան ասել, սակայն շեշտեց, որ իր տպավորությամբ ընդհանուր զարգացումները դրական են: 

«Ես տեսնում եմ, որ դրական զարգացումներ կան, և մենք գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրման»,-նշեց նա:     

Նախարարին այս առումով լավատեսության հիմք է տալի այն, որ կա խոսակցություն, քննարկում, խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերն են փոխանակում կողմերը, սահմանազատման գործընթացն է ընթանում: 

 

  • Կիսվել: