ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԻՊ-ը պատմել է, թե ինչպես են ՌԴ-ում մենակ մնացած երկու հայ երեխաները վերադարձել  Հայաստան՝ իրենց ծնողների մոտ

ՄԻՊ-ը պատմել է, թե ինչպես են ՌԴ-ում մենակ մնացած երկու հայ երեխաները վերադարձել Հայաստան՝ իրենց ծնողների մոտ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատմել է, թե ինչպես է իր, Հայաստանի և Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել Բաշկիրիայից երկու հայ երեխաների վերադարձը Հայաստանում գտնվող իրենց ծնողների մոտ։

«Հաճախ պաշտոնական տեքստերը չեն փոխանցում այն իրական գործն ու հույզերը, որոնք մենք ապրում ենք մեր ամենօրյա աշխատանքով, քանի որ յուրաքանչյուր գործի հիմքում մարդկային պատմություններ են։

․․․ Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ինձ դիմեց մի քաղաքացի և տեղեկացրեց, որ իր 8 և 15 տարեկան երեխաները Ռուսաստանում մնացել են մենակ տանը, առանց ծնողական խնամքի: Սահմանափակումների պատճառով չեն կարողանում իր կնոջ հետ մեկնել երեխաների մոտ, իսկ երեխաները չեն կարողանում Հայաստան գալ:

Պարզվում է՝ մինչև սահմանափակումները ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց երկու անչափահաս երեխաների խնամքը մի քանի օրով վստահել էին հարևանին, եկել Հայաստան անհետաձգելի գործով, բայց արտակարգ դրության պատճառով չվերթները չեղարկվել էին. Հայաստանի քաղաքացիները չեն կարող լքել երկիրը, իսկ Ռուաստանն ընդունում է միայն իր քաղաքացիներին, իսկ հարևանը չի կարող փոխարինել ծնողական խնամքը։

Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․․․

Անմիջապես սկսեցինք տարբեր ուղղություններով գրավոր ու բանավոր աշխատանքը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի, Ռուսաստանում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ: Տեղեկացրեցինք նաև Արտաքին գործերի նախարարությանը և Պարետատանը։ Օրը մի քանի անգամ անձամբ ես ու իմ աշխատակազմը կապի մեջ էինք մեր դիմողի՝ երեխաների հոր հետ:

Ռուսաստանում նույնպես կիրառված էին սահմանափակումներ. երեխաները չէին կարողանում դուրս գալ, խանութ գնալ, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել։

Սկսեցինք քննարկումները ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի և ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ:

Նախ, իմ անձնական խնդրանքով երեխաներին այցելեց և սնունդ փոխանցեց Բաշկիրիայի մարդու իրավունքների հանձնակատարը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ քննարկեցինք չարթերային թռիչքով երեխաներին Հայաստան ապահով տեղափոխելու հարցը, բայց մինչ այդ անհրաժեշտ էր կազմակերպել երեխաների տեղափոխումը Մոսկվա: Ունեինք ընդամենը երեք օր այդ ամենի համար...

Իմ աշխատակազմն արագ կազմակերպեց մի քանի կարևոր փաստաթղթերի ձևակերպումները: Դրանք ուղարկեցինք Մոսկվա, որպեսզի մեր դեսպանությունը սկսի գործընթացը:

Այնուհետև, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հատուկ տեսազանգ ունեցանք այս թեմայով, քննարկեցինք իրենց հետ աշխատանքի հարցերը: Ռուսաստանի հանձնակատարի աշխատակազմի մեր գործընկերները մեզ աջակցեցին Բաշկիրիայից դեպի Մոսկվա ավիատոմս գտնելու հարցում:

Ավիատոմսի հետ կապված բարդությունները լուծելով տեղում զբաղվում էր Բաշկիրիայի հանձնակատարը, ով նաև հաջորդ օրն անձամբ երեխաներին տարավ օդանավակայան ու ճանապարհեց Մոսկվա: Ճանապարհելուց անմիջապես հետո զանգեց ինձ ու ասաց, որ երեխաներն ապահով են ու ինքը նույնիսկ մի ուրիշ ուղևորի է «գտել», ում խնդրել է երեխաներին ինքնաթիռում պահել իր ուշադրության ներքո: Հետագայում այդ անծանոթ ուղևորն ինձ զանգեց ու տեղեկացրեց, որ երեխաներն արդեն Մոսկվա են վայրէջք կատարել:

Դրանից հետո, շնորհիվ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի ստրացավ մոտեցման՝ Մոսկվայի օդանավակայանում երեխաներին դիմավորեցին արդեն մեր դեսպանության ներկայացուցիչները: Կազմակերպեցին երեխաների ապահով գիշերելը Մոսկվայում: Հաջորդ առավոտյան երեխաներն ապահով տեղափոխվեցին Հայաստան։ Բոլոր փաստաթղթերի ձևակերպումների հարցերով դեսպանի հետ գիշեր-ցերեկ եղել ենք կապի մեջ: Երեխաների ինքնաթիռ նստելու ու Երևան ժամանելու ընթացքում էինք նաև տեղեկություններով փոխանակվում:

Մինչ երեխաները կժամանեին Երևան, ինձ զանգեց Հայաստանի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը, իսկ դրանից հետո նաև Առողջապահության նախարարությունից: Գործընկերների հետ արդեն քննարկեցինք և եկանք պայմանավորվածությունների՝ ինչպես ենք կազմակերպելու երեխաների տեղափոխումը մեկուսացման ապահով վայր ու ծնողների տեղափոխումը նրանց մոտ:

Այս պահին երեխաներն իրենց լավ են զգում. մայրիկի հետ 14-օրյա ինքնամեկուսացման մեջ են։ Երեկ նորից խոսել եմ հոր, իսկ այսօր նաև երեխաների մայրիկի հետ»,- մասնավորապես գրել է նա ֆեյսբուքում։

Ամեն անգամ, երբ ևս մի քայլով մոտենում էինք երեխաների ու ծնողների վերամիավորմանը, բոլորս մեծ ոգևորություն էինք ապրում, քանի որ այդպիսի իրավիճակում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, իսկ այդ երեխաների փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրի երեխան․․․

Հ․Գ․ 2019 թվականին 13140 դիմում-բողոք ենք ստացել․ այդ գործերից յուրաքանչյուրի հետևում յուրօրինակ մարդկային պատմություններ են։

  • Կիսվել: