շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում առաջարկվել են նոր կանոններ

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում առաջարկվել են նոր կանոններ

Առաջարկվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների շրջանակը՝ դրանով հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Ըստ Արման Պողոսյանի՝ միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործնական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլև այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Հիմնական զեկուցողի խոսքով միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաև այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլև պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից:

Կառավարությունն առաջարկում է աշխատավարձ տեսակի եկամուտների հարկման համար ձևավորել հավասար, արդար կանոններ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց վարձու աշխատողների համար եկամտային հարկը կհաշվարկեն համակարգերում գործող մյուս գործատուների համար սահմանված կանոններով:

Առաջարկվել է նաև սահմանել, որ պասիվ եկամուտներ ստացողները չեն կարող լինել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խնդրանքով Արման Պողոսյանը ներկայացրել է վիճակագրությունը համակարգում: Միկրոձեռնարկատիրության շուրջ 50.000 սուբյեկտներ ունեն մոտ 35.000 վարձու աշխատող: Նա ընդգծել է, որ պարզունակ գործունեության տեսակներով զբաղվող անձնանց համար նոր պարտականություններ չեն սահմանվի:

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նախաձեռնության ռիսկային գործոններին, նշվել է, որ վարձու աշխատողները 20 տոկոս եկամտային հարկ վճարելու փոխարեն կարող են դառնալ ինքնուրույն ձեռնարկատիրության միավորներ: Արման Պողոսյանը, տեղեկացնելով, որ իսկապես առկա են ռիսկային գործոններ, այնուամենայնիվ, նշել է, որ կան նաև հակակշիռ, զսպող հանգամանքներ:

«Ցանկանում ենք, որ համակարգը լինի հասցեավորված, իր առջև դրված խնդիրները լուծող համակարգ»,- ասել է ֆինանսների նախարարի տեղակալը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

 

  • Կիսվել: